- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

1101 թ.-ին, Զատիկի Ավագ Շաբաթ օրը լույսի երևումը հապաղեց և Քրիստոսի սուրբ Գերեզմանի կանթեղները չվառվեցին, որի համար քրիստոնյաները տագնապի և երկյուղի մատնվեցին: Հույն և լատին քահանաները իզուր «Քիրիե յելեիսոն» աղաղակելով թնդացնում էին տաճարի կամարները և ջերմագին աղոթքներ ու պաղատանքներ էին անում. սրբազան լույսը ոչ մի տեղից չէր երևում:
Հաջորդ Զատիկի առավոտյան նույն աղոթքները և նույն արարողությունները կրկնվեցին, սակայն ո՛չ սուրբ Գերզմանից, ո՛չ Գողգոթայից և ո՛չ էլ տաճարի որևէ տեղից աստվածային լույսը չհայտնվեց: Այդ ժամանակ լատին կղերականները թափոր կազմեցին և թագավորի ու ժողովրդի հետ միասին բոկոտն գնացին Սողոմոնի Տաճար: Իսկ սուրբ Հարության տաճարում մնացած մյուս քրիստոնյա ազգերը աղոթելով երեսներն էին ճանկում, հանդերձներն էին պատռում, ու ողբաձայն աղաղկելով Աստծու գթությունն էին հայցում: Քիչ հետո թափորը վերադառնում է Սողոմոնի տաճարից, և ահա, հանկարծ, 9-րդ ժամին, սուրբ Գերեզմանի կանթեղը լուսավորվեց, որից ներկաները իրենց կերոնները վառեցին: Բոլորի սրտերը ուրախությամբ լցվեցին, փողեր հնչեցին, ծափահարություններ եղան, բոլորի շուրթերից քաղցրաձայն սաղմոսերգություն լսվեց, ու ամբողջ քաղաքը համակվեց հոգեպարար ցնծությամբ: