• Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Մայիսի 9-ն արդեն 27 տարի է` եռակի խորհուրդ ունի հայերի համար: Անցյալ դարի 1945 թ-ին Հայրենական մեծ պատերազմում տարած խորհրդային ժողովուրդների, այդ թվում` հայերի հաղթանակին գումարվեց 1992 թ.-ին Շուշիի ազատագրման հաղթանակը, որին էլ հաջորդեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի ստեղծումը:

1941 թվականից մինչև 1945 թվականի մայիսին հայ ժողովուրդն ակտիվ մասնակցություն է ունեցել Հայրենական Մեծ պատերազմում` մոտեցնելով հաղթանակը: Մասնակցել է շուրջ 600 000 հազար հայ, կազմվել են 6 հայկական դիվիզիաներ, որոնցից 314 հազարը զոհվել կամ անհետ կորել է: Հայաստանը պատերազմի տարիներին տվել է 4 մարշալ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով (Խամփերյանց), Աղանով և ԽՍՀՄ-ի մեկ ծովակալ՝ Իսակով: Ի դեպ, հայազգի 4 մարշալներից 3-ը, ինչպես նաև ծովակալը, ծագումով արցախցի են: Ցուցաբերած խիզախության ու արիության համար բարձրագույն պարգևի՝ Խորհրդային Միության հերոսի կոչման են արժանացել հայ ժողովրդի 99 զավակներ (այդ թվում՝ 4-ը խորհրդա-ֆիննական պատերազմում և 5-ը պատերազմից հետո իրականացրած հատուկ առաջադրանքների համար) և ևս 10 հայաստանցիներ՝ ազգային փոքրամասնություններից, ընդհանուր թվով՝ 116 մարդ։ Նրանցից երկուսին՝ Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանին և գվարդիայի փոխգնդապետ, օդաչու Նելսոն Ստեփանյանին, շնորհվել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչում։ Հերոսների թվում են զորավարներ, բարձր ու միջին հրամանատարներ, շարքայիններ։ Նրանցից 36-ը զոհվել են կռվի դաշտում՝ հերոսի կոչման արժանանալով հետմահու։

1992 թ.-ի մայիսի 9-ի առավոտյան հայկական ջոկատները լիովին ազատագրեցին բեդաքաղաք Շուշին, որը համարվում է բեկումնային ղարաբաղյան պատերազմում: Ողջ հակամարտության ընթացքում Շուշիից ռմբակոծում էին ԼՂԻՄ-ի, հետագայում նաև՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը: Շուշիի ազատագրմանն ուղղված ռազմական գործողություններն իրականացվել են 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը՝ ժամը 2.30-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո՝ ՄՄ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով: Շուշիի ազատագրման օպերատիվ պլանը մշակվել է Արկադի Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ, ինչին զինվորականները ձեռնամուխ են եղել Խոջալուն ազատագրելուց անմիջապես հետո: Շուշիի ազատագրման օպերացիան ստացել էր «Հարսանիք լեռներում» անվանումը, որը գալիս է նրանից, որ այդ ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն անիրագործելի էր համարել Կոմանդոսի և Սամվել Բաբայանի ներկայացրած Շուշիի ազատագրման մարտական պլանը, կարծում էր, որ նման օպերացիա իրականացնելու համար դեռ վաղ է ու պետք է դրան լավ պատրաստվել: Նրանք որոշել էին` Շուշին գրավելուց հետո լեռներում Վազգեն Սարգսյանի հարսանիքը կազմակերպել. այդպես էլ օպերացիան ստացել է «Հարսանիք լեռներում» պայմանական անվանումը: Մայիսի 9-ին նշվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

ԼՂՀ պաշտպանության բանակ պաշտոնապես ստեղծվել է 1992թ. մայիսի 9-ին, որով միավորվեցին դեռևս 1990 թ. գործող անջատ ինքնապաշտպանական ռազմական միավորումները: Հայաստանի Հանրապետու-թյունում ու Արցախում մայիսի 9-ը նշվում է մեծ շուքով: Հաղթանակի տոնի 74-րդ, ԼՂՀ ՊԲ-ի և Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձին նվիրված տարբեր միջոցառումներ են ծրագրված:

#Գիտեքթե #Արցախ

5 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
  • Facebook
  • Instagram