• Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Մոսկվայի Արևելքի պետական թանգարանում պահվում է հայ նկարիչների կտավների բացառիկ հավաքածու։ Որոնց մեջ է նաև Գևորգ Բաշինջաղյանի «Բաթումի լուսնյակ գիշերով» կտավը: Գևորգ Բաշինջաղյանը (1857 – 1925) եղել է Գեղարվեստի ակադեմիայի արծաթե մեդալակիր, ճանապարհորդել է Եվրոպայում` համաշխարհային արվեստի գոհարներն ուսումնասիրելու համար։ Նկարչի համար իսկական կուռք էր Արխիպ Կուինջին, որի նկարներից մեկը` «Լուսնյակ գիշեր Դնեպրում», 19–րդ դարի 80–ականներին դարձել է իսկական սենսացիա։ Այդ նկարը դիտելու համար մարդիկ հերթեր են կանգնել, իսկ հետո, ինչպես հիշում են ժամանակակիցները, կրկին տեսնելու համար մեկ անգամ էլ են հերթ կանգնել։ Ո՞րն է գաղտնիքը։ Այն, որ Կուինջիի կտավում լուսինը և նրա արտացոլանքը գետում իսկապես լույս են ճառագում։ Բայց ինչպե՞ս է Կուինջին դա արել։ Գաղտնիքը մինչև հիմա բացահայտված չէ։ Բաշինջաղյանը ձգտել է բացահայտել այն իր գիշերային տեսարաններում։ «Բաթումին լուսնյակ գիշերով» նկարում լուսինը նույնպես շողշողում է մեղմ, ֆոսֆորափայլ լույսով։

Այնտեղ ցուցադրված է Գևորգ Բաշինջաղյանի ևս մեկ աշխատանք, դա հիանալի «Սևանյան տեսարանն» է` ճաճանչափայլ անխռով լուսաբացի մարմնավորումը։ Թափանցիկ օդի, ջրի, արևի լույսի տպավորություն. ահա, թե ինչ է հետաքրքրել Բաշինջաղյանին։ Նրա աշխատանքներում Կովկասը ներկայացվում է ռոմանտիկ լույսի ներքո, ինչպես Լերմոնտովի պոեզիայում։

#Նկարիչ #արվեստ #Գիտեքթե

8 views0 comments