- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Փարաջանովն առաջին հերթին նորարար է, որին շատերը գիտակցաբար կամ անգիտակցաբար փորձում էին կրկնել, սակայն չկարողացան։
Լուսանկարիչ Յուրի Մեչիտովը Սերգեյ Փարաջանովին անմահացրել է թռիչքի պահին։ Ամենայն հավանականությամբ, այդ լուսանկարը ձեզ ծանոթ է։ Առավել ևս, որ Վաժա Միկաբերիձեն դրա հիման վրա բրոնզաձույլ արձան է ստեղծել, որը տեղադրված է հին Թբիլիսիի փողոցներից մեկում։
Թեև թռիչքի պահին լուսանկարելն այդքան էլ տարածված ու ծեծված հնարք չէր, սակայն գեղարվեստական լուսանկարի համար նաև նորություն չէր։ Եթե չլիներ հերոսի անհատականությունը։ Ինչպես նաև այն դիրքը, որում նրան անմահացրել են` անբնական, անկրկնելի։ Եվ, գուցե, այդ պատճառով է այն այդքան հեշտ ճանաչելի։ Այդ արձանը, կարծես, կերտել է Փարաջանովին իր ողջ էությամբ` կծիկի մեջ սեղմված, գերծանր, գաճաճ աստղի տեսքով։

Բարեբախտաբար, մի շարք վառ վրձնախազեր, ակնարկներ, հուշումներ թողնելով, իսկական նկարչի նման նա ոչինչ մինչև վերջ չի ասել։ Թույլ է տվել մեզ, որ մենք ինքներս լրացուցիչ մտածենք, լրացուցիչ զգանք…
Զարմանահրաշ, քաոսային, հակասական կյանք, որը տեղ–տեղ հանկարծակի հստակ ուղղվածություն ու իմաստավորում էր ստանում։ Առաքելություն, որը գուցե, նա էլ մինչև վերջ չի գիտակցել։ Ավելի շուտ, նույնիսկ չի էլ փորձել։ Պարզապես, կերտել է։ Ամենուր` նույնիսկ բանտում։ Միշտ։ Կենդանություն տալով այն ամենին, ինչին դիպչում էր։
Հայրը հայտնի հնահավաք էր։ Սերգեյը պատանի տարիքից արդեն իսկ հնաոճ իրերի գիտակ էր ու օժտված էր անկրկնելի ճաշակով… Սակայն այդ ամենն այն չէր, կարծես հոբբի լիներ։ Զբաղվում էր դրանով հենց այնպես, հաճույքի համար։ Բայց հիմնարար բան էր հարկավոր։
Փարաջանովին հաճախ ուզում են ներկայացնել որպես այլախոհ։ Բայց նա Արվեստագետ էր։ Այո, ելույթ էր ունենում, զայրանում, քննադատում, ստորագրում։ Ինչպես և վայել է խելացի, մտածող, ազնիվ մարդուն, որը նաև օժտված էր նաև իմպուլսիվ բնավորությամբ։ Այնուամենայնիվ, նա այլախոհ անձնավորություն չէր։ Այդ կերպարի մեջ նա որևէ կերպ չի տեղավորվում։
Մի բան, որը մեկ այլ հանճարի էր հիշեցնում` Պուշկինին։ Կարծես, Փարաջանովը գիտակցաբար էր սրում իրավիճակը։ Խաղում ճակատագրի հետ։ Ուզում էր կյանքը բացահայտել իր ողջ սարսափելիությամբ։ Կարծես, անդադար ինչ-որ մեկը նրան դրդում էր դրան։ Գայթակղում։
Սակայն Փարաջանովը հանճար էր։ Եվ ճակատագրով ի սկզբանե նրան այլ առաքելություն էր վիճակված։