Search
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՍԻԱՄԱՆԹՈ

Ես երգելով կ'ուզեմ մեռնիլ

Սպասումիս և Հույսիս Քաղցրությանը հետ մինակ էի այդ իրիկուն, Եվ Փրկության ու Տառապանքի նժարովը` Հայրենիքին բախտը կը կշռեի... Երբ` հեռակա տանս դուռը, գիշերվան սարսափին մեջեն, ուժգնապես բախեցին. Եվ ժպտուն` ընկեր մը ներս մտավ, շքեղորեն գեղեցիկ, եղբայրադեմ և ահավոր... Երիտասարդ էր: Աչվըներուն կայծը երկնքի աստղերեն էր որ կը ծորեր, Եվ հասակին ձևերը մարմարներու զորություններեն էր կերտված... Մտածումը մարդկային արդարության էջերեն հստակորեն ջահավառյալ... Ճակտին վրա իրենց ցավի և բարության ծաղկներն ունեին: Մտերմաբար քով քովի, Հայրենիքին տառապանքեն կը խոսեինք, Իր ծանրախոհ գլուխը սգավոր կիսաստվածի մը արյունոտ սրտին կը նմաներ... Նայվածքները նայվածքներուս մեջ, նույն ճակատագրին խորհրդանիշը փնտռեցին... Եվ մեր տրտում ժպիտները հոգիե հոգի մեղմորեն ճառագայթվեցան: Ժամերով լռին էր: Լռին էի: Հիշատակի հեծեծանքներ մեր աչքերը թրջեցին... Եվ լամպարիս կապույտ լույսը, սեղանիս վրան, այլևս արյուններու նման վար կը թորար... Դժգունեցա ես` ինչպես երազ մը որ առավոտին երևումեն կ'անհետի... Բայց ինք` հերոսատիպ և հպարտ, ձեռքս ձեռքին մեջ` ոտքի` ինծի ըսավ... - «Այս իրիկուն` հավատքի և հրաժեշտի իրիկունս է, ընկե'ր, Երիվարս թամբած եմ արդեն` և կյանքի ու կռվի տենդեն` դուռիդ առջևը կը վրնջե... Եվ տե'ս հասակես վար անբիծ սուրս մերկ է, մերկությամբը գերմարդկային վճիռներուն: ճակատդ շրթունքիս մոտեցո'ւր... հավատքի և հրաժեշտի իրիկունս է, ընկե'ր: «Եվ դուն սա' մաքրափայլ թերթերուդ վրան, ցեղին ցավը և ցեղին ուժը բանաստեղծե, Ապագա սերունդներուն և մեր անցյալին տխրությանն ի նվեր. Ես որբ մըն եմ և ըմբոստ մը, մնա՜ս բարյավ, կորուսյալներս փնտռելո՜ւ կ'երթամ... Քու երգերեդ երգ մը տուր ինձ, երգ մը, ես երգելո՜վ կ'ուզեմ մեռնիլ...:

#Ոչմիօրառանցբանաստեղծության #Պոեզիա #Սիամանթո

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now