- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ
Վերջին զանգը
Քիչ է լինում, երբ նույն պահին՝
և ուրախ ենք, և տխուր ենք:
Հենց այդպիսի վայրկյան է մի՝
դպրոցական վերջին զանգը:
Ուրախ ենք, որ ավարտում ենք:
Տխուր ենք, որ ավարտում ենք:
Ասես լաց ու ծիծաղ լինի
դպրոցական վերջին զանգը:
Եկանք այստեղ յոթ տարեկան,
տասնյոթ ենք գնում սակայն:
Ասես լինենք կայարանում,
և պատրաստ է մեր գնացքը...
Փոքրի՜կ էինք, անմե՜ղ, արդա՜ր:
Հիմա մե՛ծ ենք, հակասակա՛ն.
Հասունության նախերգանքն է
դպրոցական վերջին զանգը:
Շատ սիրելի ուսուցիչնե՛ր,
մենք գնո՛ւմ ենք, դուք մնո՛ւմ եք:
Եվ վառվում է մեր սրտերում
պատանեկան ափսոսանքը,
Որ ձեզ հաճախ չե՜նք հասկացել,
չե՜նք մտածել՝ մեծանում եք,
Եվ ձեր կյանքն էլ կարճ է, ինչպես...
դպրոցական վերջին զանգը:
Ներողությո՜ւն, ներողությո՜ւն,
որ տվել ենք ձեզ նեղություն:
Թե չընդունվենք ինստիտուտներ,
դուք չտխրեք՝ բա՛րդ է կյանքը:
Սակայն ի՛նչ էլ դառնանք կյանքում,
ապրելու եք դուք մեր հոգում,
Եվ մեր հոգու ձայնն է ասես
դպրոցական վերջին զանգը:
Ա՜խ, մեզ համար ամենամե՜ծ
դասամիջոցն սկսվում է...
Սակայն մի՞թե կմոռացվի՝
մեկտեղ ապրած տասնամյակը:
Հրաժեշտ ենք տալիս մենք ձեզ,
բայց հուշերին՝ անհնա՜ր է,
Եվ ավելի թող մեզ կապի
դպրոցական վերջին զանգը:
Հողագունդը մի մեծ զանգ է՝
տիեզերքի անհունում խոր:
Թող միշտ լսվի նրա ձայնը,
թող չավերի նրան զենքը...
Մենք չենք ուզում, որ աշխարհի
Վերջին զանգը հնչի մի օր:
Այս աշխարհում թող հնչի լոկ
Դպրոցակա՛ն վերջին զանգը: