top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Մարիամ և Երանուհի Ասլամազյանների արվեստով կարելի է հիանալ Գյումրիում: Ասլամազյան քույրերի կյանքը բավականին հետաքրքիր է։ Քույրերը ծնվել են Երազգավորս գյուղում, նկարչական նախնական կրթությունը ստացել Ալեքսանդրա-պոլում (այժմ` Գյումրի)։ Տեղի նկարչական ստուդիան մեծ դեր է խաղացել քույրերի կայացման գործում, ինչը նրանք «փոխհատուցել» են տարիներ անց՝ մոտ 620 ստեղծագործություն նվիրելով գյումրեցիներին։ Մարիամն ու Երանուհին, լինելով մեծահարուստի աղջիկներ, կարողացել են խորամանկել. ընդունել են խորհրդային գաղափարախոսությունը և դա ծառայեցրել հանուն իրենց արվեստի:

Անմիջապես անցնելով կուսակցության շարքերը` շրջագայել են բազմաթիվ երկրներում` այդ երկրների գույները ներկայացնելով իրենց կտավներում։ Բայց այդ շրջագայությունները նաև ազգային արժեքները ներկայացնելու գերազանց հնարավորություն է եղել քույրերի համար:

Ասլամազյան քույրերը ոչ միայն լավ արվեստագետներ էին, այլ նաև հասարակական գործիչներ։ Ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել հատկապես Մարիամ Ասլամազյանը:

Մարիամի` Հնդկաստան կատարած 2 այցերի շնորհիվ է նաև, որ 1976 թվականին Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդին այցելեց Երևան։ Մարիամին հաջողվել է Ինդիրա Գանդիի հետ հանդիպել իր երկրորդ այցի ընթացքում։

Առաջին այցից հետո նա բուռն տպավորություններով վերադարձել է Հնդկաստանից և հիշողությամբ նկարել Ինդիրա Գանդիի դիմանկարը: Հնդկաստան կատարած երկրորդ այցի ընթացքում անձամբ հանդիպել է վարչապետին և պատմել դիմանկարի ու տպավորությունների մասին:

Մարիամը, ինչպես միշտ, հանդիպմանը ներկայացել է հայկական զարդանախշերով արծաթյա զարդերով, ինչը շատ է դուր եկել Հնդկաստանի կին վարչապետին։ Նա հատկապես շատ է հավանել արծաթյա գոտին:

Մարիամի աջակցության շնորհիվ Հնդկաստանի վարչապետն այցելել է Երևան, ավելին` նա Խորհրդային Հայաստանի ղեկավարությանը պատմել է, որ Հնդկաստանի վարչապետը շատ է հավանել հայկական արծաթե գոտին, և Երևանում Ինդիրա Գանդիին ազգային նախշերով արծաթե գոտի են նվիրել:

Արդեն 31 տարի է` Գյումրիում գործում է Ասլամազյան քույրերի պատկերասրահը Մարիամ Ասլամազյանի 70-ամյակի կապակցությամբ նրանք գյումրեցիներին են նվիրել իրենց աշխատանքների բնօրինակները, պատկերասրահի համար շենքը տրամադրել է քաղաքային իշխանությունը։ Երկհարկանի շենքի առաջին հարկում ցուցադրվում են Երանուհի Ասլամազյանի, իսկ երկրորդ հարկում` Մարիամ Ասլամազյանի գործերը: Նրա ստեղծագործություններից շատերի գլխավոր հերոսուհին հենց կինն է։

Քույրերն ունեն տարբեր կտավներ` նույնիսկ չինական ու հնդկական մոտիվներով, սակայն երկուսի համար հիմնական թեման ազգային խորհրդանիշներն են ու կնոջ կարգավիճակը:

Գյումրիում գործող պատկերասրահում պահպանվում և ցուցադրվում են քույրերի գեղանկարչական, գրաֆիկական և խեցեգործական աշխատանքները:

Հայաստանում ծնված Ասլամազյանները Ռուսաստան են տեղափոխվել 1927 թվականից՝ 17 և 20 տարեկան հասակում, բարձրագույն կրթություն են ստացել այնտեղ, հետո ամուսնացել են ու մշտական բնակություն հաստատել Ռուսաստանում: Երանուհին ունեցել է մեկ դուստր, որը մորից ժառանգելով արվեստագետի ձիրքը` խեցեգործ է դարձել, իսկ Մարիամը, ամուսնանալով նախ 19, ապա 60 տարեկանում, այդպես էլ ժառանգ չի ունեցել. ասում են` որոշել է իրեն միայն արվեստին նվիրել:

Քույրերը մահացել են բավականին մեծ տարիքում` Երանուհին՝ 88, իսկ Մարիամը 99 տարեկանում:

#Գիտեքթե #արվեստ #մշակույթ #Նկարիչ

9 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page