• Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


XIII դարի Տիգրան Հոնենց եկեղեցին պատկանել է հայ քաղկեդոնացիներին կամ ուղղափառ հայերին։ Հենց այդ ժամանակ եկեղեցում հայտնվել են որմնանկարներ, որոնք մինչ օրս բացառիկ են համարվում։

Եկեղեցին, որը գտնվում է հայկական հնագույն մայրաքաղաք Անիում, իրականում կառուցվել է սուրբ Գրիգոր Լուսավորչի պատվին։

Եկեղեցու պատերից մեկի վրա պահպանվել է Տիգրան Հոնենցի՝ եկեղեցու պատվիրատուի անունով գրությունը։ Այդ պատճառով էլ եկեղեցին կոչում են նրա անունով։

1215 թ.-ին կառուցված եկեղեցին առանձնանում է իր որմնանկարներով, որոնք պահպանվել են մինչ օրս։ Եկեղեցու պատերին պատկերված է ոչ միայն Գրիգոր Լուսավորիչը, այլ նաև նրա երկու որդիները՝ Արիստակեսը և Վրթանեսը, ինչպես նաև եպիսկոպոս Ղևոնդիոս Կեսարիացին, որից էլ Գրիգոր Լուսավորիչն ընդունել է եպիսկոպոսի աստիճանը։ Սուրբ Գրիգորի որդիների և Ղևոնդիոս Կեսարիացու պատկերները չկան հայկական կամ վրացական եկեղեցիներից որևէ մեկում։

«Հայ հետազոտողները երկար ժամանակ չեն կարողացել ուսումնասիրել այդ եկեղեցին ու որմնանկարները, քանի որ խորհրդային տարիներին անհասանելի է եղել նրանց համար։ Իսկ հիմա շատ են ակտիվացել մեր հարևանները՝ վրացիները, և փորձում են իրենց վերագրել որմնանկարների պատկանելությունը։ Դրա համար առիթ է հանդիսացել այն, որ որմնանկարների վրա վրացերեն և հունարեն գրություններ կան:

Ի սկզբանե որպես հայ առաքելական եկեղեցի կառուցված Տիգրան Հոնենց եկեղեցին որոշ ժամանակ անց անցել է ուղղափառ հայերի համայնքին։

13-րդ դարում Զաքարյան իշխանական տոհմի կառավարման ժամանակ հայ քաղկեդոնացիների համայնքը բուռն զարգացում է ապրում և մեծ ազդեցություն ունենում։ Եկեղեցու որմնանկարները հայտնվում են այն բանից հետո, երբ այն անցնում է ուղղափառ հայերին, որոնք իրենց հերթին ենթարկվում են պատրիարքին, թեև ինքնավարություն ունեն։ Հետևաբար նրանց պաշտոնական լեզուն վրացերենն է։ Հենց այդ պատճառով գրությունները վրացերեն են:

Որմնանկարների հեղինակների մասին ոչինչ հայտնի չէ, ինչը շատ բնորոշ է միջնադարին, բայց այդ հանգամանքն առիթ չի տալիս մտածելու, որ աշխատանքների հեղինակներ վրացի վարպետներն են։

Որմնանկարների կերպարներն այս հարցում սկզբունքային նշանակություն ունեն։ Օրինակ` Գրիգոր Լուսավորչի որդիները՝ Արիստակեսը և Վրթանեսը, չեն պատկանել վրացական եկեղեցու սրբերի դասին։ Դա բացառում է այն հնարավորությունը, որ վրացական սրբանկարիչները կարող էին պատկերել նրանց եկեղեցու պատերին։ Եվ նման դետալները բազմաթիվ են:

Նշենք, որ «Հազար ու մի եկեղեցիների» քաղաքի մասին առաջին հիշատակումները վերաբերում են հինգերորդ դարին։ 961-1045 թվականները Անին Բագրատունիների թագավորության մայրաքաղաքն է եղել, սակայն 1064 թվականին թուրք ասպատակները թալանել են այն։ Երբ քաղաքն իր հզորության և ծաղկունքի գագաթնակետին էր, այն ավելի քան մեկ միլիոն բնակիչ ուներ։

#ՎանքԵկեղեցի #մշակույթ #Նկարիչ #արվեստ #Գիտեքթե #հայ

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now