- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

1913 թ. Կ. Պոլսի հայոց առևտրատնտեսական կյանքում տեղի ունեցավ նշանակալի իրադարձություն՝ Քյութուպհանե փողոցի Դիլսիզզադե խանում բացվեց հայկական ամենախոշոր դրամատունը՝ «Օսմանյան առևտրային բանկը»: Ավելի վաղ շատ քաղաքներում, անշուշտ, արդեն եղել էին ու կային մի շարք հայապատկան ֆինանսավարկային հաստատություններ (հենց նույն Կ. Պոլսում, Էդիրնեում, Ադաբազարում, Չմշկածագում, Ամասիայում, Արմաշում և այլուր), բայց այս մեկն իր ծավալներով ու գործառույթներով անմրցելի էր: Նախ, հիմնադիր կապիտալը 100 հազար լիրա կամ, ինչպես արևմտահայերն էին ասում, օսմանյան ոսկի էր: (Թուրքական լիրայի գնողունակության մասին պատկերացում տալու համար պետք է նշել, որ երկու տարի անց՝ ցեղասպանության ժամանակ, մարդիկ երբեմն կարողանում էին իրենց կյանքը փրկագնել 3-7 լիրայով):
Դրամատունը կատարում էր ամեն տեսակի բանկային գործառույթներ` փոխատվություններ, չեկերի տրամադրում, հեռագրային վճարումներ ինչպես Թուրքիայում, այնպես էլ ամբողջ աշխարհում, գնում և վաճառում էր բաժնեթղթեր, ընդունում դրամական ավանդներ, խնայողական գումարներ` սկսած 25 ղուրուշից։ Գնում, վաճառում, փոխանակում, ներմուծում և արտահանում էր արդյունաբերական և այլ ապրանքներ, հիմնում էր առևտրաարդյունաբերական ընկերություններ և բաժնետիրական մասնակցություն ունենում այլ ֆիրմաների գործունեությունում, մասնակցում հանրային շինությունների կառուցմանը։ Բացի այդ, հանդիսանում էր Բաթումի «Բ. Շխյանց» ու «Մ. Խաչատրյանց և ընկ.» նավթամթերքների արտահանման ֆիրմաների ներկայացուցիչը։ «Օսմանյան առևտրային բանկի» հիմնադիրներն էին՝ վարչության նախագահ Գևորգ Մանուկի Ասլանյանը, վարչության փոխնախագահ Մկրտիչ Մանուկյանը, վարչության անդամներ Հեթում Սեթյան, Ա. Կ. Արսենը, Սիմոն Գայսերլյանը, Սարգիս Հարությունի Գնաճյանը, Արշակ Կարագյոզյանը, Տիգրան Կարապետի Քելեկյանը: «Օսմանյան առևտրային բանկը» ցավոք, կարճ կյանք ունեցավ. մեկ տարի անց փակվեց՝ Առաջին աշխարհամարտի սկսվելու պատճառով, իսկ հայ կապիտալիստները դուրս մղվեցին Թուրքիայից:
Պետք է նշել, որ Օսմանյան մեկ ոսկի արժողության թղթադրամի վերևի ձախ անկյունում հայերեն գրված է «Վճարելի Յօսմանեան կայսերական պանգան Ի Կ. Պօլիս, Օսմանեան 1 ոսկի»: Թերևս պատճառն հայերենի՝ Օսմանյան կայսրության 4 գլխավոր լեզուներից մեկը լինելն էր, ինչպես որ տեսնում ենք թղթադրամի վրա: