Search
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Հովհան Որոտնեցին հայոց մեծ իշխան Իվանեի որդին էր: Սովորել է Գլաձորի համալսարանում՝ Եսայի Նչեցու և Տիրատուր Կիլիկեցու մոտ։ Նչեցու մահից հետո (1338), համալսարանը տեղափոխվել է Հերմոնի վանքը, ապա՝ 1340-ական թվականների վերջում փոխադրվել է Որոտան գավառը (որից և ծագում է Հովհանի հիմնական մականունը՝ Որոտնեցի)։ Այստեղ ձեռնարկել է մանկավարժական աշխատանքի, այնուհետև գիտական և դասախոսական գործունեություն ծավալել Որոտնավանքում։ 1373 թվականին հիմնադրել է Տաթևի համալսարանը։ Հայ միարարների գաղափարախոսական ոտնձգությունների դեմ պայքարելու նպատակով 1379 թվականին համալսարանի հետ տեղափոխվել է Երնջակ գավառ։

Հովհան Որոտնեցին խորացրել է Հովհաննես Սարկավագից եկող գիտափիլիսոփայական գիտելիքի և աստվածաբանության ոլորտների սահմանազատման էմպիրիկ-սենսուալիստական և մատերիալիստական ուղղվածությունը։ Փիլիսոփա-բնագիտական մտածողությամբ են ներթափանցված ոչ միայն նրա փիլիսոփա-մեկնողական երկերը, այլև աստվածաբանական մեկնությունները, քարոզները, ճառերը։ Առանձնահատուկ նշանակություն ունեն Արիստոտելի, Պորփյուրի, Փիլոն Ալեքսանդրացու երկերի մեկնությունները։ Հովհան Որոտնեցու ուսմունքի հիմքը Արիստոտելի իմացաբանությունն ու տրամաբանությունն են։

Ըստ Հովհան Որոտնեցու, թեև շրջապատող նյութական աշխարհն Աստծու արարչագործության արդյունք է, սակայն օժտված է ինքնուրույն իրական գոյությամբ։ Բնության, այդ թվում՝ մարդու գոյության նյութ․ հիմքը կազմում են չորս տարրերը՝ հողը, ջուրը, օդը և կրակը։ Մարդը մարմնի և հոգու միասնություն է։ Հոգին կենդանություն է տալիս մարմնին և մշտնջենական է։ Արարված աշխարհը գոյություն ունի մարդու մտածողությունից դուրս ու անկախ, և այն ճանաչելի է։ Իմացությունն ունի երկու աստիճան՝ զգայական և բանական։ Զգայական տվյալների մշակման միջոցով բանականությունը բացահայտում է իրերի և երևույթների էությունը։ Ճշմարտության չափանիշը մարդու գիտելիքի և ճանաչելիի համապատասխանության մեջ է։ Հովհան Որոտնեցին մերժում է բնածին գաղափարների ուսմունքը։ Այս միտումը դրսևորվում է նաև տրամաբանական հարցերը քննելիս։ Միտքը միայն զգայարանների միջոցով կարող է ճանաչել արտաքին աշխարհը և «որպես մաքուր հայելի»ընկալել իրերի նմանահանությունները։

Զգայարաններից եկող ցուցմունքների շնորհիվ բանականությունը ճանաչում է իրերի էությունը։ Մատերիալիստական այս միտումը շարունակվում է նաև Հովհան Որոտնեցու տրամաբանական հայացքներում։ Հետևելով Արիստոտելին՝ նա առաջին գոյացության (եզակի իրերի) կատեգորիան համարում է ամենահիմնականը։ Ունիվերսալիաների (ընդհանուր հասկացությունների) բնույթի հարցը քննում է երեք մոտեցմամբ՝ առաջնայնության, հավասարության և առավելության, ի վերջո այն լուծելով նոմինալիզմի ոգով։ Եզակին անկախ է ընդհանուրից, նրա գոյությամբ է պայմանավորված սեռի և տեսակի (հասկացությունների) առաջացումն ու գոյատևումը։ Հասկացությունները ճանաչողության արդյունք են և ստեղծվելուց հետո կարևոր դեր են խաղում իմացության հետագա պրոցեսում։ Հովհան Որոտնեցու նոմինալիստական դիրքորոշումն ազգային եկեղեցու և հայ ժողովրդի ինքնուրույն պայքարի տեսական հիմնավորումներից է։ Նրա փիլիսոփայությունը միջնադարյան փիլիսոփայական մտքի կարևորագույն նվաճումներից է և մեծապես նպաստել է հայ փիլիսոփայական կրթության վերելքին և փիլիսոփայական ինքնուրույնացմանը։

Հովհան Որոտնեցու հայացքները վճռական դեր խաղացին Տաթևի փիլիսոփայական դպրոցի առաջավոր գիտական տեսությունների զարգացման գործում։ Ի դեմս նրա, արիստոտելականությունը միջնադարյան Հայաստանում հասավ զարգացման իր գագաթնակետին և նպաստեց փիլիսոփայական մտքի վերելքին և ինքնուրույնացմանը։

Իր գիտական և մանկավարժական գործունեությամբ Հովհան Որոտնեցին խորը հետք թողեց հայ միջնադարյան մշակույթի մեջ։ Նրա դպրոցի ավանդույթները շարունակեցին Գրիգոր Տաթևացին, Մատթեոս Ջուղայեցին, Առաքել Սյունեցին և մշակույթի ու գիտության այլ նշանավոր ներկայացուցիչներ։ Թաղված է այժմ Նախիջևանի՝ Ջուղայի շրջանում գտնված, լքված Բերդիկ գյուղից ոչ այդքան հեռու ավերված Սուրբ Գևորգ եկեղեցու հարևանությամբ։

#Գիտեքթե #Սուրբ

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now