- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Առաջին եվրոպացին, որը տեսել է Խաղաղ օվկիանոսի արևելյան ափը, իսպանացի կոնկիստադոր Վասկո Նունյես դե Բալբոան է։ Նա 1513 թվականին իր ուղեկիցների հետ անցավ Պանամայի պարանոցը և դուրս եկավ դեռևս անհայտ օվկիանոսի ափերը։ Քանի որ նրանք դուրս եկան օվկիանոս ծոցի տարածքից, որը հարավում է, այդ պատճառով Նունյես դե Բալբոան այն անվանեց «Հարավային ծով» (իսպ.՝ Mar del Sur)։
1520 թվականի նոյեմբերի 28-ին դեպի բաց օվկիանոս նավարկության դուրս ելավ Ֆեռնան Մագելանը։ Նա օվկիանոսը հատեց Հրո Երկիր կղզուց մինչև Ֆիլիպինյան կղզիներ 3 ամիս 20 օրվա ընթացքում։ Այդ նավարկության ամբողջ ժամանակահատվածում տիրում էր խաղաղ ու հանգիստ եղանակ, և Մագելանն օվկիանոսն այդ պատճառով կոչեց «Խաղաղ»։16-17-րդ դարերում Իսպանիան Խաղաղ օվկիանոսը կոչում էր «Mare clausum»՝ լատիներենից թարգմանաբար «Փակ ծով»: Այդ անվանումը տրվել էր այն բանի համար, որ Իսպանիան էր այդ շրջանի գլխավոր գաղութարար երկիրն, ու ինքն էր տիրում օվկիանոսում:
1753 թվականին ֆրանսիացի աշխարհագրագետ Ժան Նիկոլա Բյուաշն առաջարկեց օվկիանոսն անվանել «Մեծ օվկիանոս»՝ որպես ամենամեծ օվկիանոս։ Սակայն այդ անվանումը լայն տարածում չգտավ ու ամբողջ աշխարհում տարածվեց «Խաղաղ օվկիանոս» անվանումը։ Անգլալեզու պետություններում օվկիանոսն անվանում են «Pacific Ocean»։ Մինչ 1917 թվականը ռուսական քարտեզներում գործածվել են «Խաղաղ ծով» (1833) և «Արևելյան օվկիանոս» անվանումները: