top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Աշխարհահռչակ ճգնավոր Սուրբ Սիմեոն Սյունակյացն Անտիոքի շրջանի Սիսան գյուղից էր: Ապրել է 4-5-րդ դարերում Ասորիքում Թեոդոս Բ-ի ժամանակշրջանում: Նրան կոչել են «անմարմին հրեշտակ», քանի որ անհնար է պատկերացնել այն արտասովոր խստակյաց կյանքը, որով ապրել է նա: Բարեպաշտ ծնողների զավակն իր կյանքն անցկացնում է նախ վանքում, ապա՝ սկզբում ավելի ցածր, իսկ տարիներ անց՝ չափազանց բարձր մի սյան վրա, առանց նրանից երբևէ իջնելու: Սյան գլուխը շրջապատված էր պատշգամբատիպ հարմարանքով, որին նա հենվում էր հոգնելու դեպքում, սակայն այն չուներ առաստաղ և Սիմեոնին չէր պաշտպանում քամուց և անձրևներից: Սիմեոնը 39 օր անոթի էր անցկացնում և միայն 40-րդ օրն էր ճաշակում: Հաճախ էլ բավարարվում էր միայն Սուրբ Հաղորդությամբ: Սյան գագաթը ուներ տախտակաշեն մի խցիկ, ուր երկար շաբաթներ հոտնկայս աղոթում էր, ապա որոշ օրեր ծնրադրում, ապա պառկած դիրքով շարունակում աղոթքը և դարձյալ ոտքի ելնում և պատշգամբից իր օրհնություններ էր տալիս և այսպես մի քանի տասնյակ տարի: Այս ամենին գումարվում է նաև մի ոտքի վրա բացված վերքից առաջացած որդնալից փտախտը, ինչ պատճառով ցավերին դիմանալով հանդերձ մեկ ոտքով կանգնած էր շարունակում իր ճգնությունը: Հրաշագործ ճգնավորի համբավը այնքան է տարածվում, որ ասորիներ, հույներ, հայեր, փյունիկեցիներ, վրացիներ, պարսիկներ, և նույնիսկ Բրիտանիայից, Ֆրանսիայից և Իտալիայից մարդիկ էին գալիս նրա օրհնությունը ստանալու և հրաշագործության արժանանալու: Բազմահազար մարդիկ մարմնի և հոգու բժշկություն էին ստանում, ինչպես նաև անհավատները դարձի գալիս և քրիստոնյա մկրտվում: Բժշկվածներին խստիվ պատվիրում էր. «Եթե հարցնեն, թե ո՞վ բժշկեց, կասեք՝ Աստված, ինչ որ ճշմարտությունն է, որովհետև բժշկությունը Աստծուց է գալիս: Չլինի թե ասեք՝ Սիմեոնը բժշկեց, որովհետև սուտ խոսած կլինեք, և ձեր ախտը կվերադառնա ձեզ»: Եգիպտացի անապատական հայրերը, լսելով նրա այս արտասովոր ճգնության մասին, կասկածում են, որ նա աստվածային զորությամբ է գործում: Նրա մոտ են ուղարկում մի վանական եղբոր նրանից պահանջելու, որ վայր իջնի սյունից, նաև զգուշացնում են այս եղբորը, որ եթե Սիմեոնը խոնարհությամբ հնազանդվի իրենց պահանջին, ապա եղբայրը թող թույլ չտա նրան սյունից իջնել, քանի որ դա նշան կլինի, որ իրոք Աստծո ներշնչմամբ է Սիմեոնն այդպիսի ճգնակեցության տրվել: Սիմեոնը, լսելով եգիպտացի հայրերի պահանջը, իսկույն հնազանդվելով խնդրում է, որ սանդուղք բերեն, որպեսզի ինքն իջնի սյունից: Սակայն սա թելադրած եղբայրը թույլ չի տալիս՝ հայտնելով նրան իրեն ուղարկածների իրական մտադրության մասին: Անպակաս էին Սբ. Սիմեոնի հանապազօրյա հրաշագործությունները: Կույրերին լուսավորում էր, բորոտներին սրբում, անդամալույծներին առողջացնում, բոլոր ցավերը փարատում էր, հուսահատներին ամրացնում:

Սուրբ Սիմեոնը վախճանվում է 459 թ-ին խոր ծերության հասակում և մեծ պատվով թաղվում Անտիոք քաղաքում: Թեև նրանից հետո եղել են նաև այլ սյունակյաց ճգնավորներ, սակայն նրա կյանքը բոլոր դարերի համար մնում է աստվածային, մեծ հրաշքի չգերազանցված օրինակ:

#Գիտեքթե #Սուրբ

9 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում