- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՀՈՒՍԻԿ ԱՐԱ
Մի՛ ուրացիր, քաղաք
- Ես քո եղբայրն եմ, քաղաք, ինձ իմ անունով կանչիր,- ժամանակ չգտա հենց սկզբում խոստովանել քեզ. քանի որ մեր արյան ու երազի մնացորդից գույներ էինք ընտրում մեր հեղափոխության վերջին դրոշին, և զենքը կիսում հացի փոխարեն, երբ պատերազմ էր բոլոր խրամատներում. հետո տունդարձի ճանապարհն էինք անվերջ փնտրում, ուր կարծում էինք ջերմություն կգտնենք և տաք կերակուր: Իսկ վաղը, երբ ագռավը սև կտարածվի իմ ամպած երկնքում, քո մտահոգ ձեռքով կոպերս վերջին անգամ կիջեցնես և մարմնիս ավերակը համր կտանես թևերիդ վրա ու կամփոփես մոտիկ բլրալանջին` մյուս եղբայրներիդ կողքին: Պարտքդ կատարած` կտրուկ կշրջվես սգո թափորին. - Մեռավ եղբայրս,- կասես ու մատով ցույց կտաս նրանց մեջ մեկին` հավաստելով,- հիմա դու ես իմ եղբայրը,- ու այնպես թեթև, անփույթ կքայլես դեպի տուն, որ ասես կյանքս, քեզ մոտ ու արյունակից, չի էլ եղել: - Ես քո եղբայրն եմ, քաղաք, ինձ մի մոռացիր: