top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Ժամանակակից հանրագիտարանը զարգացել է 18-րդ դարի բառարանից: Պատմականորեն և՛ հանրագիտարանները, և՛ բառարանները հետազոտվել ու գրվել են բազմակողմա-նիորեն կրթված ու բովանդակությունից լավ իրազեկ մարդկանց կողմից, բայց դրանք նշանակալիորեն տարբեր են իրենց կառուցվածքով և բովանդակությամբ։ Բառարանը լեզվագիտական աշխատություն է, որը առաջին հերթին կենտրոնանում է այբբենական կարգով դասավորված բառերի և նրանց իմաստի բնորոշման վրա։ Հոմանիշները և մեկ ընդհանուր թեմայով փոխկապակցված բառերը կարող են տարածված լինել ամբողջ բառարանում, ըստ էության տեղ չթողնելով դրանց իմաստային ավելի խոր մեկնաբանության համար։ Ուստի բառարանները սովորաբար սահմանափակ տեղեկույթ են տալիս, կամ շատ քիչ բան են ասում բացատրվող բառի ծագման կամ դրա հիմքում ընկած իմաստաբանական պատմության մասին։ Բառարանները կարող են տալ բառի բացատրությունը, սակայն մինչև վերջ չբացահայտել լեզվական եզրի իմաստաբանական կապերը կամ իմաստաբանական նշանակությունը կամ սահամանփակումները, կամ թե ինչպես է այդ եզրը առնչվում իմացության ավելի լայն ոլորտների հետ։ Այդ կարիքներին բավարարելու համար հանրագիտարանի տիպական հոդվածը ոչ լեզվական բացատրության բնույթ ունի և բացահայտում է ոչ միայն բառի իմաստը, այլ նաև առարկայի կամ կատեգորիայի, նաև բնորոշելով և թվարկելով թեմայի հետ կապված հոմանիշ եզրերը։ Հանրագիտական հոդվածն առավել խորությամբ է բացահայտում ու նկարագրում եզրի իմաստը և փոխանցում է դրա հետ անմիջականորեն կապված ամբողջ առկա կուտակված իմացությունը։ Հանրագիտարանները ի տարբերություն բառարանների պարունակում են նաև աշխարհրագրական քարտեզներ և պատկերազարդումներ և տեղեկատվական աղբյուրների ցանկեր։ Հանրագիտարանները ինչպես և բառարանները սովորաբար կառուցվում են այբբենական կարգով դասավորված հոդվածներով։ Նյութերի համակարգումը կարող է լինել նաև ըստ թեմաների կամ ճյուղային բնագավառների, թեև կարող են լինել նաև թեմատիկ բառարաններ: Ի տարբերություն բառարանների, որոնք հիմնականում կենտրոնանում են բառերի օգտագործման իմաստաբանական բացատրական, լեզվաբանական, ծագումնաբանական և օգտագործման կողմերի վրա, հանրագիտարանի յուրաքանչյուր հոդված նվիրվում է մեկ առանձին հայեցակարգի կամ հասկացության բազմակողմանի և բազմաշերտ լուսաբանմանը։

Հանրագիտական հրատարակությունների լայն զարգացումը սկսվել է 1751-80 թվականներին Ֆրանսիայում Դենի Դիդրոյի և Ժան լը Ռոնդ դ'Ալամբերի խմբագրությամբ հրատարակված «Հանրագիտարան, կամ գիտությունների, արվեստների և արհեստների բացատրական բառարան»-ից։ Ըստ էության առաջին հանրագիտարանների համար որպես հիմք և օրինակ ծառայել են հենց բառարանները։ Որոշ աշխատություններ, կարող են «բառարան» կոչվել, բայց իրականում նման լինել հանրագիտարանների, հատկապես նրանք, որոնք ծավալվում են որոշակի ոլորտի շուրջը (ինչպես օրինակ Ջոզեֆ Սթրեյերի Միջին դարերի բառարանը, որը 13 հատորներից բաղկացած հանրագիտարան է նվիրված Միջնադարին և առաջին անգամ տպագրվել է «American Council of Learned Societies» հասարակական կազմակերպության կողմից 1982-1989 թվականներին, Ամերիկյան ծովային մարտանավերի բառարանը, Հենրի Քեմփբել Բլեքի Իրավագիտության բառարանը, Ավստրալական անգլերենի Մաքվեյրի բառարանը: Թեև հանրագիտարանի և բառարանի միջև եղած սահմանագիծը հստակ չէ, այդուհանդերձ հանրագիտարանային հոդվածները կարելի է տարբերակել այն հանգամանքով, որ դրանց անունները սովորաբար կարող են բազմաթիվ հոմանիշային ձևեր ունենալ նույնիսկ տարբեր լեզուներով, մինչդեռ բառարանային հոդվածը արվում է միայն մեկ կոնկրետ լեզվով, որը չի կարող թարգմանվել հոմանիշային եզրի, և ուստի (բացատրական) բառարանի հոդվածները սովորաբար չեն թարգմանվում, մինչդեռ հանրագիտարանային հոդվածները կարող են թարգմանվել։

Բառարանները և հանրագիտարանները, առնվազն որոշ մշակույթներում, պատմականորեն զարգացել են նույն ակունքներից: Այժմ դրանք տարբերվում են իրենց կառուցվածքով, հոդվածների և յուրաքանչյուր հոդվածում պարունակվող տեղեկույթի բնույթով: Հանրագիտարանի հոդվածների անունները միշտ գոյականներ են և հատուկ անուններ: Սակայն այդ գոյականները չեն այն միկրոկառուցվածքային տեղեկույթի առարկան, որը պարունակվում է հոդվածներից յուրաքանչյուրի մեջ, դրանք ընդամենը խորհրդանշաններ են, ճիշտ ինչպես ճանապարհային երթևեկության նշանները, որոնք ցույց են տալիս, թե ինչի մասին է հոդվածի պարունակությունը: Դրանք հոդվածներին կպցրած պիտակներ են, զուտ հղումների հարմարության համար: Օրինակ՝ «այգի» վերնագրված հանրագիտական հոդվածը, կպարունակի ոչ թե այդ բառի իմաստի հետազոտությունը, կամ այդ բառի ծագումնաբանության հետազոտությունը և այլն, այլ այգեգործության պատմությունը և աշխարհագրությունը, այգեգործության կամ այգի մշակելու տարբեր եղանակների բացատրությունը և այլն: Շատ հոդվածանունների համար միանգամայն կարող է նաև բոլորովին այլ անվանում ընտրվել և դա նշանակալիորեն չի փոխի հոդվածի բովանդակությունը: Ահա թե ինչու հանրագիտական հոդվածը կարելի է թարգմանել, իսկ բառարանի հոդվածը թարգմանել անհնար է:

#Գիտեքթե #Գիրք #Հետաքրքիր

14 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում