• Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Երուսաղեմում մի մահմեդական, որ քրիստոնյաների դեմ թշնամության մեջ գերազանցում էր բոլորին, հալածիչների դաժանությունը էլ ավելի գրգռելու համար, սատկած շան դիակ է նետում Երուսաղեմի երևելի մզկիթներից մեկի մեջ: Առավոտյան աղոթելու գնացողները սարսափով են տեսնում այդ սրբապղծությունը, և շատ չանցած՝ ամբողջ քաղաքը լցվում է սպառնալիքի մռնչյունով. ամբոխը հավաքվում է աղոթարանի շուրջ, և բոլորը բողոքում են քրիստոնյաների դեմ, և երդվում՝ նրանց արյունով սրբել Մուհամեդի դեմ եղած այդ նախատինքը: Քիչ էր մնում իսլամների վրեժխնդրությանը զոհ գնային քրիստոնյաները, որոնք արդեն պատրաստվել էին մահվան, սակայն քաջասիրտ մի պատանի, որի ազգն ու անունը պատմությունը զլանում է ավանդել, հանկարծ կանգնում է իր եղբայրների մեջ ու ասում. «Եթե կա չարաբաստիկ պատահար՝ այն էլ, անշուշտ, Երուսաղեմի եկեղեցու կորուստն է: Մեր Փրկիչը իր օրինակով սովորեցնում է մեզ թե հարկ է որ մե՛կը զոհվի շատերի փրկության համար: Արդ, եթե խոստանում եք տարին մի անգամ եկեղեցու մեջ անունս օրհնել ու ազգատոհմիս պատիվ ընծայել, ես էլ Աստծու օգնականությամբ կգնամ բոլոր հավատացյալներին սպառնացող մահը նրանցից հեռացնելու»: Ժողովուրդն այս քաջարի նահատակի ինքնանվեր մահվանը հավանություն հայտնեց, ու բոլորը երդվեցին հավիտենական օրհնությամբ հիշատակել նրա անունը: Եվ ի պատիվ իր ազգատոհմի՝ սահմանվեց, որ ամեն տարի Ծաղկազարդի տոնին Արմավենիների հանդիսավոր թափորի ժամանակ ծաղկեպսակ ձիթենիի նվիրական ճյուղը իր ազգականներից մեկի ձեռքը տրվի:Մինչև այսօր պահպանվում է այդ սովորությունը, և Ծաղկազարդի օրը Քրիստոսի Գերեզմանի շուրջ կատարված հանդիսավոր թափորից հետո ձիթենու ծաղկեպսակ ոստ, կամ ծաղկեփնջերով զարդարված արմավենու ճարտարահյուս ճյուղեր են տարվում Երուսաղեմի հայ պատրիարքի կամ թափորապետի առջևից:

#Գիտեքթե #Երուսաղեմ #Պատրիարքություն #Տոն #Ծես #Ավանդություն