- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանները երբ նամակ էին գրել Հովհաննես Բ. ծայրագույն քահանայապետին ու կաթողիկոսին և հարցրել, թե ի՞նչ պետք է անել. հավանելով Քաղկեդոնի ժողովին՝ մնալ իրենց մենաստաններում, թե լքելով դրանք հեռանալ Սուրբ Քաղաքից: Հովհաննես կաթողիկոսը հայոց միաբանության գիրը կարդալով խորապես վշտանում է հույների անիրավության ու Երուսաղեմի եկեղեցու կրած հալածանքի համար, ու պատասխանելով նրանց ասում է. «Ինչ որ պարտադրում են կայսեր քաղաքական օրենքները՝ ամենայն հնազանդությամբ կատարեցեք, իսկ Հայաստանյայց սուրբ եկեղեցու ուղղափառության դեմ հրամայվածներին մի հնազանդվեք»: Երուսաղեմի սուրբ հայրերն ու վանքերի առաջնորդները հայրապետական այս հրամանը ընդունելով՝ թեպետ Տնօրինական սուրբ տեղերի համար գալարվում էին նրանց աղիքներն ու ճմլվում էր նրանց սրտերը, բայց հնազանդվելով բարձրագույն հրամանին լքում են իրենց մենաստաններն ու բնակարանները, անցնում են Կեսարիա կամ Եգիպտոս, շատերն էլ, սակայն, տեղներից չէին շարժվում՝ համբերելով հույն կրոնամոլ վարդապետների չարաչար հարվածներին և հափշտակություններին, մինչև Մահմեդականների Սուրբ Երկրին տիրելը: