• Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Եվստաթեոսի օրոք, Հուստինիանոս կայսրը իր դառնությունը թափեց Երուսաղեմի ու Պաղեստինի կղերականների վրա այնքան ժամանակ, մինչև որ նրան հաջողվեց Քաղկեդոնի ժողովի կանոնները ընդունել տալ: Կայսեր սպառնալիքների տակ Երուսաղեմում ու շրջակա քաղաքներում բնակվող հայ կրոնավորներին, եպիսկոպոսներին ու վարդապետներին ստիպում էին, որ նրանք էլ ընդունեն Քաղկեդոնի ժողովի կանոնները: Երբ հայերն ընդդիմանում են, այդժամ արքունի իշխանության ուժով բռնանում են նրանց վրա և կույր նախանձավորությամբ սկսում չարչարել նրանց, ինչպես որ նույնն անում էին նաև հայոց երկրում: Այսպես Երուսաղեմի եկեղեցական ուխտը հունական եկեղեցու միաբանների կողմից կրած ամենօրյա վշտերից ձանձրացած՝ մենաստանների բոլոր հայրերն ու առաջնորդները և խրճիթներում բնակվող ճգնավորները Սուրբ Հակոբ վանքի իրենց եպիսկոպոսապետի մոտ համախմբվելով խորհրդակցում են, և միակամ հավանությամբ գրում են հայոց Հովհաննես 2-րդ ծայրագույն քահանայապետին ու կաթողիկոսին ու մայրաքաղաքների ուրիշ աթոռակալներին՝ թե ինչ պետք էր անել, հավանելով Քաղկեդոնի ժողովի կանոնները՝ մնայի՞ն իրենց մենաստաններում, թե դրանք լքելով հեռանային սուրբ քաղաքից: Քանի որ Հուստինանոս կայսեր հրամանը խստանում էր Երուսաղեմի և հայ կրոնավորների վրա, և հայտնապես վճիռ էր արձակում երկրից դուրս հանել հայ, ասորի և ղպտի միաբաններին ու բոլոր նրանց, որ կայսեր և հունական եկեղեցու դավանած կրոնը չէին ընդունում: Այս մասին ինքը՝ կայսրը ևս 553 թ.-ին գումարված Կոստանդնուպոլսի երկրորդ ժողովին ուղղված իր հրովարտակում ասում է. «Այն սուրբ ժողովը (Քաղկեդոնի) ընդունել դժկամողներին մերժեցինք թե՛ Աստծու սուրբ եկեղեցիներից և թե՛ վանքերից, որպեսզի սուրբ եկեղեցիների և նրանց քահանաների միաբանությունն ու խաղաղությունը պահպանելով՝ չորս սուրբ ժողովների դավանած միևնույն հավատքը քարոզվի Աստծու սուրբ եկեղեցիներում»: Այս հիշատակում է նաև Հովհաննես կաթողիկոսը՝ մեջբերելով Հուստինիանոսի օրոք եղած հալածանքները. «Երբ ճշմարիտ հավատքից 35 տարի էր անցել, ու Անաստասից հետո թագավորում էր անօրեն Հուստինիանոսը, չարությամբ լցված՝ կրկին նորոգում էր խլված ու ջնջված քաղկեդոնական չարափառությունը, ու անտանելի վշտերի էր ենթարկում սրբերին և ուղղափառներին, և սուրբ եկեղեցիների հատակները դարձյալ արյունով էր շաղախում»:

#Գիտեքթե #Երուսաղեմ #Պատրիարքություն #ՎանքԵկեղեցի

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
  • Facebook
  • Instagram
Instagram-ում