- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,


Պլինիոս Ավագի «Naturalis Historia» հանրագիտարանը գրվել է մ.թ. առաջին դարում Հին Հռոմում ապրող մի վաճառականի կողմից։ Պլինիոսի աշխատությունը կազմված էր բնական պատմությանը, արվեստին ու ճարտարապետությանը, բժշկությանը, աշխարհագրությանը, երկրաբանությանը և կյանքում նրան շրջապատող գրեթե բոլոր իրողությունների նկարագրությանը նվիրված 37 գլուխներից։ Նախաբանում Պլինիոսը գրել էր, որ ինքը հավաքել է 200 հեղինակների 2 000 տարբեր աշխատություններից քաղված 20 000 փաստեր և ավելացրել նաև սեփական փորձից կուտակած շատ այլ փաստեր։ Նրա աշխատությունը հրատարակվել է մ.թ. 80-ին, թեև ամենայն հավանականությամբ, նա այդպես էլ չի հասցրել վերջնականապես սրբագրել այն, որովհետև վախճանվել է մ.թ. 79-ին Վեզուվի հրաբուխի ժայթքումի ժամանակ։ Պլինիոսի աշխատությունը շատ ծավալուն էր և բազմակողմանի։ Նա ինքը գրում էր նման աշխատության հետ կապված խնդիրների մասին. Շատ դժվարին բան է որևէ հնության նոր շունչ տալը, նորության համար հեղինակություն նվաճելը, առօրեականին փայլ հաղորդելը, աղոտի վրա լույս սփռելը, հնոտին գրավիչ դարձնելը, կասկածելիի նկատմամբ վստահություն ներշնչելը: Բացառություն է թերևս բոլոր բաների բնական էության և բնության բոլոր առանձնահատկությունների նկարագրությունը:
Թեև հայտնի են նմանատեսակ բնույթի ավելի վաղ ժամանակաշրջանի աշխատություններ, օրինակ Մարկուս Տերենտիուս Վարրոյի գրած հանրագիտարանը, այդուհանդերձ Պլինիոսի աշխատությունը միակն է, որը գոյատևել է Մութ դարերում: Այն մեծապես ճանաչված է եղել ամբողջ Հռոմեական աշխարհում և գուցե դրա շնորհիվ Պլինիոսի հանրագիտարանի բազմաթիվ օրինակներ պահպանվել ու տարածվել են նաև արևմտյան աշխարհում։ Պլինիոսի հանրագիտարանը դարձավ 1470-ին տպագրված առաջին դասական ձեռագրերից մեկը և մինչև օրս մեծ ժողովրդականություն է վայելում որպես Հռոմեական աշխարհի և հատկապես Հռոմեական արվեստի, տեխնոլոգիաների և ճարտարագիտության մասին համապարփակ տեղեկատու։ Այն ճանաչված գրական աղբյուր է նաև այդ ժամանակների բժշկության, ապարագիտության, կենդանաբանության, կենսաբանության, երկրաբանության և շատ այլ թեմաների համար, որոնք չեն քննարկվել այլ դասական հեղինակների կողմից։ Այդ հանրագիտարանում բազմաթիվ այլ հետաքրքիր հոդվածների թվում զետեղված են առաջին գրավոր տեղեկությունները փղերի և մուաքս խխունջների մասին, որոնք գիտնականների կողմից երկար որոնված հանրահայտ թիրյան բոսորագույն կամ «արքայական բոսորագույն» ներկի աղբյուրն են եղել։
Թեև Պլինիոսի աշխատանքը քննադատության է ենթարկվել հավաստիության ու փաստերի վավերականության առումով, այդուհանդերձ նրա հոդվածներից շատերի վավերականությունը հաստատվել է վերջին ժամանակներում կատարված հետազոտությունների ապշեցուցիչ արդյունքների շնորհիվ։ Ինչպես օրինակ Հռոմեական ոսկու հանքերը Իսպանիայում, հատկապես Լաս Մեդուլաս բնակավայրում, որոնք ամենայն հավանականությամբ Պլինիոսը տեսել է աշխատանքի մեջ, այն ժամանակ, երբ այդ բնակավայրի Պրոկուռատորն էր մինչև հանրագիտարան գրելը։ Թեև նրա նկարագրած հանքարդյունաբերական մեթոդներից շատերը վաղուց հնացել են, սակայն նա նաև մեծագույն մանրամասնությամբ նկարագրում է մի շարք այնպիսի դեռ ընդունված մեթոդներ, որոնք շատ բան են ասում այն ժամանակների տեխնոլոգիական զարգացման մակարդակի մասին։ Պլինիուսը իր աշխատության առաջաբանում հստակ գրում է, որ ինքը ստուգել է իր հավաքած փաստերը՝ ընթերցելով և համեմատելով այլ հեղինակների աշխատությունները, ինչպես նաև հղումների է անում հիշատակելով շատերի անունները։ Այդ մյուս հեղինակների գրքերից շատերը չեն հասել մինչև մեր օրերը, ինչպես և Պլինիոսից մեկ դար առաջ գրված Վիտրիվիուսի աշխատության մեջ հիշատակված աղբյուրները։