Search
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Մխիթարյան միաբանությունը հայ կրոնական և մշակութային կազմակերպություն է, որը հիմնադրել է վանահայր Մխիթար Սեբաստացին։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։

1701 թ. սեպտեմեբրի 8-ին՝ Սբ. Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնին, Մխիթարը և իր շուրջ համախմբված երիտասարդները Կոստանդնուպոլսում հիմնեցին Սբ. Անտոն Աբբայի միաբանությունը, բայց շուտով տեղի հայ առաքելական և կաթոլիկ համայնքների միջև հարաբերությունները լարվեցին՝ հասնելով արյունալի բախումների։ Պոլսի ղեկավարությունը դիմեց ոստիկանության աջակցությանը՝ ձերբակալելու Մխիթարին, Խաչատուր Առաքելյանին, Պետրոս Մսխեթցուն և Սարգիս Եվդոկացուն։

Մխիթարը փախուստի դիմեց ու պաշտպանություն գտավ հիսուսյան հայրերի մոտ, ապա՝ Բերայի Կապուչին հայրերի միաբանությունում։ Այնուհետև որոշեցին տեղափոխվել Վենետիկի իշխանության տակ գտնվող Մորեա թերակղզի։ Այս առթիվ ծնվեց «Որդեգիր Կուսի-Վարդապետ Ապաշխարութեան» նշանաբանը, որի սկզբնատառերը հայտնվեցին Միաբանության զինանշանի վրա։ Հիմնադրման ժամանակ միաբանությունում կար 12 վանական, որոնցից 4-ը՝ վարդապետ։ 1705-ին Միաբանությունում գումարվեց ժողով, որի ընթացքում մշակվեց Միաբանության կանոնադրության նախագիծը։ Այն հիմնված էր Բենեդիկտյան միաբանության հայրերի կանոնադրության վրա և քաղված էր Սբ. Անտոն Աբբայի վարքի կանոններից, նաև այլ հոգևոր հայրերի խրատներից, վկայագրերից և տեղական իշխանների հանձանարականներից:

1705-ի սեպտեմբերի սկզբին կրոնական Հավատասփյուռ ժողովին ներկայացվեց Մխիթարի «Հայ կաթողիկե վանականների հիմնադրած Սուրբ Անտոն աբբայի Միաբանությունը» հաստատելու մասին խնդրագիրը։ 1711-ի մայիսի 12-ին կանոնադրությունը ներկայացվում է Հռոմի Պապի հաստատմանը։ 1717-ին Կղեմես XI Պապը հաստատեց միաբանության կանոնադրությունը և Մխիթարին շնորհեց աբբահոր տիտղոսը։

1706-ին Մխիթարը Վենետիկի կառավարության օգնությամբ Մեթոնում եկեղեցու շինարարություն սկսեց։ 1714-ի դեկտեմբերի 3-ին թուրքերը պատերազմ հայտարարեցին վենետիկցիներին, ինչը ստիպեց Մխիթարին և միաբանների մեծ մասին լքել Մեթոնը և տեղափոխվել Վենետիկ, որն էլ դարձավ միաբանության մշտական հանգրվանը։ Մխիթարյան միաբաններն իրենց ծրագրերն իրականացնելու համար առանձին մենաստանի ու վանատան կարիք ունեին։ Միևնույն ժամանակ նրանց համար ժամանակը խիստ աննպաստ էր. Սենատը նոր օրենք էր ընդունել, որով արգելվում էր քաղաքում որևէ նոր կրոնական միաբանություն կառուցել, բայց, այնուամենայնիվ, Մխիթարի խնդրանքը քննվեց։ Առաջարկվեց քաղաքից դուրս միաբանության համար վայր ընտրել, և այդպես ընտրվեց Սբ. Ղազար կղզին, որը պատկանում էր Մենդիկանտի միաբանությանը։ 1717-ին կղզին Մխիթարյաններին շնորհվեց մշտական բնակության իրավունքով։ 1723-ին եկեղեցու վերանորոգումն ավարտվեց և մեկ տարի անց արդեն Մխիթարը սկսեց իրագործել նոր վանքի շինարարության իր նախագիծը, որն ավարտին հասցրեց 1740-ին՝ գրադարանով և սեղանատնով։ 1749-ի ապրիլի 27-ին Մխիթարը մահացավ և թաղվեց Սբ. Ղազար կղզու ավագ խորանի առջև, նրա գերեզմանն էլ դարձավ ուխտատեղի։

19-րդ դարի առաջին կեսից թատրոնը վերելք ապրեց, սկսեցին սիրողական ներկայացումներ կազմակերպվել։ 1770-ականներից ի վեր ներկայացումներ էին բեմադրվում նաև Վենետիկի Սբ. Ղազարի վանքում։ 1790-ականներից ի վեր Մխիթարյանները ցուցադրում էին հայոց պատմությանը ներպայացնող պիեսներ՝ «Վասակ Մամիկոնյան» (1792), «Ղևոնդյանց նահատակությունը» (1795), «Մեծն Վարդան Մամիկոնյան» (1799), «Հայկ դյուցազն» (1805) և այլն։

2000-ին Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանությունները միավորվեցին, արտակարգ ժողովի ժամանակ էլ Վենետիկի և Վիեննայի միաբանները որոշեցին ստեղծել Մխիթարյան միացյալ միաբանություն՝ մեկ կենտրոնական վարչությունով։ Այսպիսով, Մխիթարյան միացյալ միաբանության գլխավոր կենտրոնատեղին Վենետիկի Սբ. Ղազար կղզու Մայրավանքն է, իսկ Վիեննայի վանքը՝ առաջին գլխավոր մենաստանը։

#Գիտեքթե #Կրթօջախ

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now