Search
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՄԵՏԱՔՍԵ

Չհասկացար

Դու կյանքում երբեք ինձ չհասկացար,

Չտեսար իմ մեջ այն բարձունքները,

Որոնց դու հասնել,

Դու երբեք հասնել չկարողացար...

Չկարողացար թափանցել նրանց

Գագաթները վեհ,

Որ հասկանայիր ինձ գագաթներով,

Ու կատարներից նայելով խորունկ

Խորքերն իմ եսի,

Գոնե զգայիր մանրությունը քո:

Դու կյանքում երբեք ինձ չհասկացար,

Քառախաչեցիր իմ անցյալն իմ դեմ,

Որ երկրպագեմ քեզ որպես միակ

Իմ փրկարարի,

Ձգտեցիր հարթել ինքուրույնության

Լեռները խրոխտ իմ խառնվածքի,

Ու պայթեցնել սիրո դավերով

Ընդվզումներիս ժայռերը բյուրեղ...

Դու պայքարեցիր թուլություններում,

Որ խոնարհության դիմազրկությամբ

Ինձ պես անհատին զրկես ինձանից,

Ու գերեզմանես ինքնատիպ ոգիս...

Դու դավանեցիր, որ ես ամենուր

Իմը մոռացած միշտ քոնը հիշեմ,

Հալվեմ ու կորչեմ քո ծարավի մեջ

Որպես կաթիլ ջուր...

Դու կյանքում երբեք ինձ չհասկացար,

Նայեցիր վրաս լոկ որպես անզոր

Մի ենթակայի,

Որն իր պատկերի արտացոլումը

Կարող է տեսնել միայն քո դեմքին,

Բայց ես արարող, հաստատուն մի կին,

Չեմ կարող տանել իշխող մատներիդ

Բութ հպումները...

Պարզի՛ր ափերդ, որ այս լուսեղեն,

Այս ցորենաբույր շողերն արևի

Ծորեն մեղմորեն քո մատներն ի վար,

Ու ծլարձակեն քարահողերում...

Դու կյանքում երբեք ինձ չհասկացար,

Եվ զուր ես կարծում, թե դու փրկարար,

Սերն ես իմ այն մեծ,

Որին փնտրել եմ ես իմ աղջկական

Ցնորքների մեջ...

Գուցե հենց դո՛ւ ես, դո՛ւ ես այն միակ

Պատահականը,

Որի հետ սիրուս ոտքերը բոբիկ

Չանգռեցին բախտի թփեր ու մացառ,-

Դու կյանքում երբեք ինձ չհասկացար...

#Ոչմիօրառանցբանաստեղծության #Պոեզիա #Մետաքսե

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now