- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Ճարտասանությունը կամ հռետորությունը (հունարեն՝ ῥητορική (τέχνη), rhētorikḗ (téchnē)) գիտություն է իմաստալից, գեղեցիկ, համոզիչ խոսելու արվեստի և ավելի լայն իմաստով, ընդհանրապես գեղարվեստական արձակի մասին։ Ըստ հայազգի նշանավոր փիլիսոփա Դավիթ Անհաղթի ճարտասանությունը համոզելու արվեստն է։
Ծագել է Հին Հունաստանում՝ մ.թ.ա. V դարում, համակարգի վերածվել III- II դարերում։ Ճարտասանության առաջին ուսուցիչներ են համարվել ավագ սերնդի սոփեստները, Պրոտոգորասը, Գորգիասը, Անտիփոնը և ուրիշներ, որոնք ըստ էության սովորեցնում էին «խոսել, մտածել ու գործել»։
Հին Հունաստանում դատական համակարգի հետ զուգահեռ զարգացավ նաև ճարտասանական խոսքարվեստը, քանի որ դատարանում մարդիկ հենց իրենք շարադրում էին իրենց մեղադրանքը անձամբ ու իրենք էլ հենց պաշտապանվում էին մեղադրանքներից (դատախազ ու դատապաշտպան, սովորական իմաստով գոյություն չունեին)։ Այստեղ առաջ եկավ մարդկանց մի խումբ որը զբաղվում էր հենց դատական նիստերի համար ճառեր գրելով, որոնք աչքի էին ընկնում իրենց հուզականությամբ, զգացմունքայնությամբ տպավորիչ արտասանությամբ և առհասարակ համոզելու մեծ ներուժով։ Ժամանակի գրեթե բոլոր մեծ ճարտասանները այսպես են սկսել իրենց ուղին այդ թվում նաև՝ Դեմոսթենեսը և Լիսիասը, մեզ է հասել Դեմոսթենեսի ճառերի բավականին ուսանելի հավաքածու։ Հին Հռոմում ճարտասանությունը զարգացել, համակարգվել ու նաև լայն կիրառում է ստացել քաղաքական ասպարեզում մ.թ.ա. I դարում։ Ճարտասանության առաջին տեսաբանը Արիստոտելն է («Ճարտասանություն» (մ.թ.ա. 335 թ))։ Կիկերոնի անվան հետ է կապված մի ամբողջ գրական շրջան՝ մ.թ.ա. I դարում։ Կիկերոնի ժառանգությունը մեծ է՝ հիսունից ավելի ճառեր, քսան ծավալուն աշխատություն ինչպես նաև հարուստ նյութ պարունակող նամականի։ Հատկապես կարևոր է ճարտասանության մասին նրա եռագրությունը՝ «Ճարտասանը», «Ճարտասանի մասին» և «Բրուտոս կամ նշանավոր ճարտասանների մասին»։