Search
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Եղիշե Չարենցն ու Կոմիտասը երբեք չեն հանդիպել: Մեկն Արեւելահայաստանում է արմատներ գցել, մյուսը՝ Արեւմտահայաստանում, ու վերընձյուղել ազգի ամենանվիրական, գերագույն արժեքը՝ հոգեւոր զարթոնքը, զտել ցեղի գենը, մաքրել նրա միտքը, սրբագրել ապագան: Չարենցն ու Կոմիտասը երբեք չեն հանդիպել, բայց Պոետը պաշտում էր Վարդապետին: Նա իր «Ռեքվիեմում» զուգահեռներ է անցկացնում իր Աբգար հոր ու Կոմիտաս վարդապետի միջեւ: Իսկ Ջոտտոն հենց այդպես էլ նկարել է Պոետին՝ գլուխը հակած Կոմիտասի հանգչող լուսեղեն դեմքին՝ սգավոր, դժգույն ու որբացած:

1936-ն էր. կտակի համաձայն՝ Կոմիտասի մարմինը զմռսած դագաղով Փարիզից բերում են Երեւան: Իսկ Չարենցը, հիվանդ ու հալածված, տնային բանտարկության էր դատապարտված: Կոմիտասին շրջապատող խուռն ամբոխը հանկարծ լուռ ու հնազանդ հետ է քաշվում. դագաղից քիչ հեռու Չարենցն էր կանգնած: Կոմիտասին նա այդպես էլ ողջ չտեսավ, ապրեց՝ ոգեշնչված ու հիացած նրա հանճարով, ու հիմա իր առջև նրա զմռսած դագաղն է: Չարենցը համրաքայլ մոտենում է ու համբուրում Կոմիտասի դագաղը: Պոետը ծաղկեպսակներից մեկից մոմե կապտաթույր ծաղիկ է պոկում ու իր հետ տուն բերում՝ որպես կոմիտասյան մասունք, հյուլե՝ նրա խնկարկված հիշատակից: Այդ ծաղիկը հիմա Չարենցի տուն-թանգարանում է՝ Կոմիտասին նվիրված անկյունում, իսկ վերևում՝ պատին, Ջոտտոյի նկարն է՝ երկու հանճարեղ գլուխներ՝ հանգչող Կոմիտասն ու իր մոտալուտ մահը տեսնող Չարենցը:

Պոետի թանգարանում նոր ցուցանմուշ կա՝ Կոմիտասի թաշկինակը: 1952 թվականից այն պահվում էր Չարենցի Անահիտ դստեր տանը: Այդ մասունքը Չարենցի կոմիտասյան պաշտամունքի առհավատչյան է:

Հայ գրերի գյուտի 1500 ամյակի կապակցությամբ 1913-ին Կոմիտասը Պոլսում հանդիսություն է կազմակերպում: Համերգներից մեկի ժամանակ նրա սիրելի աշակերտուհիներից մեկը՝ դաշնակահարուհի Աղավնի Մեսրոպյանը, նվագում է Բեթհովենի սոնատը: Կոմիտասը թղթե ծաղկազարդ մի թաշկինակի ներքեւի մասում ֆրանսերեն մակագրում է ու նվիրում Աղավնուն: Իսկ դաշնակահարուհին հետո թաշկինակի դարձերեսին անգլերեն գրում է. «Հիշենք ամենուր, ամեն օր եւ ամեն ժամ Կոմիտասի նվերը, որ տրվեց համերգի ժամանակ, երբ ես նվագում էի Բեթհովենի սոնատը»: Թաշկինակի վրա տպագրված է «Ով մեծասքանչ դու լեզու» բանաստեղծությունը, որ հենց այդպես էլ արտադրվել է Թուրքիայում: Աղավնի Մեսրոպյանն ու դերասանուհի Արուս Ոսկանյանը մանկության ընկերուհիներ են եղել: Արուս Ոսկանն իմանալով, որ Չարենցն ընդգծված վերաբերմունք ունի Կոմիտասի նկատմամբ, որոշում է Աղավնուն ծանոթացնել պոետի հետ: 1923-ին Չարենցն ու Արուս Ոսկանյանը մեկնում են Թիֆլիս՝ Աղավնուն այցելության: «Դաշնակահարուհին իր հուշերում պատմում է, թե Չարենցն ինչ կլանված ու հուզված էր լսում իր պատմությունները Կոմիտասի մասին, աղերսում Աղավնուն, որ որևէ մանրուք բաց չթողնի, ամեն բան պատմի բոլոր մանրամասներով: Աղավնին պապիկիս ցույց է տալիս Կոմիտասի թաշկինակը: Նա նվերը սեղմում է կրծքին ու թախանձագին խնդրում Աղավնուն այն իրեն նվիրել: «Այս թաշկինակն ինձ համար ներշնչանքի աղբյուր կդառնա»,- ասում է Չարենցը: Աղավնին պապիկիս խոստանում է, որ երբ տեղափոխվի Երևան, անպայման Կոմիտասի նվերը կնվիրի նրան»,- պատմում է Չարենցի թոռնուհին՝ Գոհար Չարենցը՝ Անահիտ Չարենցի դուստրը: Աղավնու համար էլ, փաստորեն, դժվար է եղել այդ պահին բաժանվել կոմիտասյան նվիրական մասունքից:

Տարիներ են անցնում: 1935-ին Աբովյան փողոցում Չարենցը պատահաբար հանդիպում է Երևան տեղափոխված Աղավնի Մեսրոպյանին: Գոհար Չարենցը պատմում է, որ իր պապի ձեռքին մետաքսե մի ծրար է եղել, որի միջից երեւացել է իր նորածին մոր՝ Անահիտի նկարը: Չարենցը հորդորում է Աղավնուն. «Արի մեր տուն, Աղավնի, արի տես իմ նորածին դստերը: Նա, ճիշտ է, Չարենցի աչքերն ունի, բայց ով գիտե, միգուցե մի օր Կոմիտաս նվագի: Արի մեր տուն ու հետդ բեր Կոմիտասի թաշկինակը՝ իբրեւ նվեր»: Բայց մինչ Աղավնին կգնար, 37 թիվն է գնում Չարենցի տուն: Այդպես էլ Աղավնի Մեսրոպյանը չի հասցնում Չարենցի բաղձանքն իրականացնել՝ Կոմիտասի թաշկինակն անձամբ նվիրել նրան:1952-ին՝ մահից երկու տարի առաջ, Աղավնի Մեսրոպյանն իր մոտ է կանչում Անահիտ Չարենցին ու հոգու պարտք դարձած խոստումը կատարում՝ նրան նվիրում Կոմիտասի թաշկինակը:

Սրբազան մասունքը Չարենցի ընտանիքին է պատկանում ու հանձնված է թանգարանին՝ ժամանակավոր ցուցադրության: Գոհար Չարենցի համար այն առավել քան արժեքավոր է. խորհրդանշում է իր պապի սերն ու ակնածանքը Կոմիտասի նկատմամբ ու ծրարում գողտրիկ մի պատմություն՝ շաղախված նվիրումի, ցավի ու հույզերի զգացողություններով:

#Կոմիտաս #ԵղիշեՉարենց #Գիտեքթե

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now