Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,

Հայոց հին գրական լեզուն՝ գրաբարը, գործածության մեջ է եղել 5-րդ դարից մինչև 19-րդ դարի կեսը՝ գործառույթի ոլորտների աստիճանական սահմանափակումով։
Գրաբարի պատմությունը բաժանվում է երկու մեծ դարաշրջանների՝ հինհայերենյան և ետհինհայերենյան։ Հինհայերենյան դարաշրջանն սկսում է 5-րդ դարի սկզբից (գրերի գյուտից) մինչև 11-րդ դարը։ Երկրորդ դարաշրջանն ընդգրկում է 11-19 դդ.։
Առաջին դարաշրջանում գրաբարը հայ ժողովրդի ընդհանուր լեզուն էր, իր երկու տարբերակով (գրական ու խոսակցական) և բարբառային որոշ տարբերակային ձևերով։ Այս դարաշրջանի գրաբարը բաժանում են դասական կամ մեսրոպյան, հնում՝ «ոսկեդարյան» (գրերի գյուտից մինչև 5-րդ դարի կեսը), ետդասական կամ ետմեսրոպյան, հնում՝ «ետոսկեդարյան» (5-րդ դարի երկրորդ կեսից մինչև 8-րդ դարի կեսերը) և ետին կամ նախամիջին (8-10 դդ.) շրջանների։ Առաջին երկու շրջաններին բնորոշ է գրաբարի և խոսակցական լեզվի, որպես մեկ լեզվի գրական ու խոսակցական տարբերակների, միասնությունը։ Երկրորդ շրջանին բնորոշ է նաև գրական լեզվի մեջ գիտական լեզվի տարբերակի ձևավորումը և առանձնացումը, որ բնութագրվում է հունաբանությամբ։ Երրորդ շրջանի գրաբարը բնորոշվում է հունաբանության սահմանափակումով ու հաղթահարումով, ժողովրդական-խոսակցական լեզվի ավելի ու ավելի զգալի ներթափանցումներով արվեստականությամբ։
Երկրորդ դարաշրջանում գրաբարը, զրկված իր խոսակցական հիմքից, գործածվում է իբրև մեռած լեզու։ Նրա գործառության ոլորտները մերթ սեղմվում, մերթ ընդարձակվում են հասարակական-պատմական պայմանների ու մշակույթի զարգացման ընթացքի հետ։ 19-րդ դարի կեսից մինչև 20-րդ դարի սկիզբը գրաբարը գործածվում էր որոշ հայագիտական օջախներում, մինչդեռ կյանքի մյուս ոլորտներում լայնորեն գործածվում է աշխարհաբար գրական լեզուն իր երկու՝ արևելահայ և արևմտահայ տարբերակներով։ Մեր օրերում գրաբարը գործածվում է որպես եկեղեցական լեզու (աղոթք, սաղմոս, շարական և այլն), իսկ գործածվել է կաթողիկոսական գրություններում, հատկապես կոնդակներում մինչև մեր օրերը։