top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


5-րդ դարի գրականությամբ վավերացվեց հայ պետականության ավելի քան վեց հարյուր տարվա ընթացքում հղկված հայերենը, որը կատարելագործվելով՝ դարեր շարունակ օգտագործվեց որպես համաժողովրդական լեզու, որով գրվեցին պատմական, փիլիսոփայական, գիտական, գեղարվեստական բազմաթիվ երկեր։ Այն լեզուն, որը գրավոր դարձավ 5-րդ դարում, հետագայում կոչվեց գրաբար։

5-րդ դարի հայ գրականության ամենանշանավոր դեմքերն են եղել Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը ու նրանց առաջին աշակերտները՝ Եզնիկ Կողբացին ու Կորյունը։ Նրանց երկերով է սկզբնավորվում հայ դպրությունը։

Սահակ Պարթևի անունով պահպանված են գլխավորապես կանոնական գործեր, որոնց մեջ շարադրված է եկեղեցու պաշտոնյաների պարտականությունները։ Սահակ Պարթևի անունով մնացել են նաև երկու թղթեր և մի քանի երգեր։

Մեսրոպ Մաշտոցի երկերից պահպանված է ճառերի մի ժողովածու՝ «Յաճախապատում ճառք» վերնագրով, որը վերագրվել է Գրիգոր Լուսավորիչին։ Այս ժողովածուից բացի, Մեսրոպ Մաշտոցի անունով մնում են նաև մի շարք հոգևոր երգեր։

Եզնիկ Կողբացին 5-րդ դարի ամենանշանավոր մատենագիրներից է։ Նրա անունով մեզ է հասել «Եղծ աղանդոց» նշանավոր երկը, որի մեջ հեղինակը հենվելով Աստվածաշնչի և կուռ տրամաբանության վրա հերքում է ժամանակի աղանդները։

Կորյունի անունով մեզ հասել է «Վարք Մաշտոցի» աշխատությունը, որը գրված է 5-րդ դարի քառասունական թվականներին։ Դա պատմական մեծ արժեք ունեցող երկ է, որի մեջ ներկայացված են գրերի ստեղծման հանգամանքները։

5-րդ դարի հայ գրականության մեջ բացառիկ նշանակություն ունեն նաև պատմական մի շարք այլ գործեր։ Այդ երկերից ժամանակագրական առումով առաջինը համարվում է Ագաթանգեղոսի «Պատմութիւն Հայոց» աշխատությունը, որը բաղկացած է երեք մասից։

Հայ ժողովրդի ամբողջական պատմություն գրելու փորձ արել է Փավստոս Բուզանդը։ Նրա Պատմությունը բաժանվում է դպրությունների, որոնցից մեզ հասել են Գ-Զ դպրությունները։ Բուզանդի «Պատմութիւն Հայոց» գրքի մեզ հասած հատվածները ընդգրկում են մոտ հիսուն տարվա պատմություն՝ 4-րդ դարի երեսնական թվականներից մինչև ութսունական թվականները։

5-րդ դարի հայ ամենաականավոր պատմագիրը եղել է Մովսես Խորենացին, որը մեծ համարում է ունեցել ինչպես հայ, այնպես էլ հարևան երկրների պատմագիրների մեջ։ Նրա անունով մեզ հասել են մի շարք երկեր, որոնց մեջ ամենանշանավորը «Պատմութիւն Հայոց» գիրքն է, որն իր գիտականությամբ, կուռ կառուցվածքով և քաղաքական նպատակասլացությամբ շատ բարձր է և չի կարելի համեմատել միջնադարի մյուս պատմագիրների երկերի հետ։ Մովսես Խորենացին իր Պատմությունը գրում է Սահակ Բագրատունու հանձնարարությամբ։ Խորենացին գրավոր աղբյուրներ օգտագործելու հետ միասին մեծ չափով օգտվել է նար ժողովրդական բանահյուսությունից։ Պատմության մեջ շարադրված է հայ ժողովրդի պատմությունը՝ իր կազմավորման ժամանակաշրջանից մինչև Արշակունիների թագավորության անկումը։

Հայ պատմագրության ամենապայծառ դեմքերից է եղել Եղիշեն, որի անունով մեզ հասել են մի շարք աշխատություններ, որոնց մեջ ամենարժեքավորը «Պատմութիւն Վարդանանց» գիրքն է, որը իր մի շարք դրական հատկություններով կարելի է համեմատել Մովսես Խորենացու Պատմության հետ։

5-րդ դարի հայ պատմիչների վերջին ներկայացուցիչը եղել է Ղազար Փարպեցին, որից մեզ են հասել թղթեր և Պատմութիւն Հայոց աշխատությունը։

5-րդ դարի գրականությունը հարուստ է նաև թարգմանական գործերով. Սահակ Պարթևը, Մեսրոպ Մաշտոցը, նրանց ավագ աշակերտները՝ Հովնան Եկեղյացին, Հովսեփ Պաղնացին, Եզնիկ Կողբացին, Կորյունը, Մուշեն, Աբրահամ Խոստովանողը կամ Զենեկացին և այլք, որոնց մասին տեղեկություններ չկան, թարգմանական մեծ աշխատանք են ծավալել։

#Գրականություն #մշակույթ #Գիտեքթե #Գիրք

14 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page