- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ԱՐՏԱԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
* * *
Իմ երկնագո՜ւյն, թափանցի՜կ, իմ քնքշությո՜ւն անողոք,
Նման կապույտ կակաչի թերթիկներին ապակե,
Դու՝ շուրթերիս մամռոտած, բայց չծաղկած իմ բողոք,
Ինձ ոչ թե դու, այլ հոգուդ չոր ծովերն են վարակել:
Ինձ վարակել են ձայնիդ փոշիները արծաթե,
Եվ աղավնու թևերով սկյուռները ուսերիդ,
Քո ճակատին տարածված իմ արցունքները կաթե,
Քո մազերի մեջ աճած կոկոնները բույսերի:
Ինձ աչքերիդ մեջ թաղված մայրամուտներն են հաղթել,
Բիբերիդ մուգ հատակի սառույցները լեռնացած,
Որոնց անթարթ կրակին հատ-հատ գցել եմ թղթեր
Եվ ստվերս քարշ տալով՝ հեռացել եմ դեպի ցած: