top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


«Լավաշ» բառը չունի հանրայնորեն ընդունված ծագումնաբանություն։ Լեյդենի համալսարանի «Հայկական ժառանգական խոսվածքի ծագումնաբանական բառարանում» նշվում է, որ «լավաշ» բառը ծագում է նախահայերեն *law- բառից, որը նշանակում է «հարթ»։ Միջին հայերենում արդեն lawš բառը նշանակում էր «հարթ բարակ հաց»։ Միջնադարյան հայկական գրականության մեջ լավաշը հիմնականում հանդիպում է լաւշ (lawš) կամ դրանից բխող լօշ (loš) տարբերակով, չնայած, որ սկբնական տարբերակը պետք է լիներ lawaš։ Այս տարբերակը հանդիպում է միջնադարյան հայկական մի շարք աղբյուրներում («Գիրք վաստակոցում», Գրիգոր Տաթևացու, Մինաս Թոխաթցու, Ալեքսիանոս բժշկի աշխատություններում, հիշատակի գրություններում, ֆոլկլյորում և այլն), սակայն հայերենում բառը, ամենայն հավանականությամբ, առաջացել է ավելի վաղ և օգտագործվել է «մանուշակ» իմաստով։ Անվանումը հանդիպում է արդեն 6-7-րդ դարերում «Բառք Գաղիանոսի» բառարանում։ 11-12-րդ դարերում «Բառք Վարդան գրոց» աշխատության մեջ, լավաշ բառը կիրառվում է որպես պարթևերեն kašken բառի հայերեն թարգմանություն։ Վերջինս թարգմանվում էր որպես «գարեհաց»։ Երեմիա Մեղրեցին իր «Բառգիրք հայոց» (1698 թվական) աշխատության մեջ լավաշ բառը մեկնաբանում էր որպես «բարակ հաց»։ Հրաչյա Աճառյանը, նշելով բառի և ուտեստի լայն տարածումը Ասիայի ժողովուրդների մոտ, կարծում է, որ բառի ծագման հիմնական աղբյուրը պարսկական կամ հայկական է, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թեհրանում լավաշը հայտնի է «հայկական հաց» անվամբ (պարս․ nūn-i armanī), հանգում է երկրորդ տարբերակին։ Նշելով, որ «լավաշ» բառի հիմնավորված ստուգաբանություն, որպես այդպիսին, գոյություն չունի, նա միաժամանակ կարծում է, որ բառն ունի սեմական ծագումնաբանություն (ազգակից բառեր՝ ասորերեն laiša՝ խմոր, laš՝ խմոր անել, եբրայերեն loš, եթովպերեն losa՝ սեղմել, ճզմել), իսկ հայկական lawaš (լավաշ) տարբերակը ծագել է ասորերեն laiša բառից։ Համաձայն Հայկական սովետական հանրագիտարանի, «լավաշ» բառը բաղկացած է հին հայերեն «լավ» և «խաշ» (ուտելիք) արմատներից։

Լեզվաբան Գևորգ Ջահուկյանը կարծում է, որ «լավաշ» բառը, ամենայն հավանականությամբ, ծագել է հնդեվրոպական նախալեզվի lab/p (lob/p) արմատից (lob/p = «թեթևաքաշ ինչ-որ բան») (ազգակից բառեր՝ լատիներեն labor = իջնել, սողալ, տարածվել, labium = շրթունք; հին իսլանդերեն slafask = թուլանալ, թոշնել, leppr = ցնցոտիներ, ծոպեր, ցցունք; հին անգլերեն lappa = ծոպեր, ցնցոտիներ)։

«Թյուրքական լեզուների ծագումնաբանական բառարանում» նշվում է, որ անվան ծագումնաբանության ճանաչված տարբերակ գոյություն չունի, ընդ որում, բառարանում տրվում են ծագումնաբանության հավանական մի շարք տարբերակներ։ Ռաշիդ Արաթը հնարավոր է համարում liv aš և «լավաշ» բառերի ազգակից լինելը։ Լiv aš տարբերակը հանդիպում է 11-րդ դարի միջինասիական թյուրք գրող Յուսուֆ Բալասագունիի «Քութադգու բիլիգ» բանաստեղծության մեջ, որտեղ liv aš tergi բառակապակցությունը նշանակում է «գցված սեղան»։ Հավանաբար, liv արմատը համապատասխանում է արաբերեն «սնունդ» բառին: Ջ․ Քլոսոն այստեղ նկատում է չինարենից փոխառություն․ li = հացահատիկ (միջին չինարեն liip), իսկ aš արմատը կիրառվում է «հացազգիներից պատրաստված» իմաստով։ Aš արմատի (հավանաբար, ունի պահլավերեն ծագումնաբանություն) ամենահին նշանակություններից մեկը համարվում է ուտելիքը, սնունդը, ինչպես նաև հյուրասիրությունը, խնջույքը։ Բառարանում նշվում է, որ բառը շատ հավանական է, որ ծագել է Արևելյան Թուրքեստանում՝ հիմք ընդունելով այդ բառի հիշատակումը հին ույղուրերեն գրություններում (liv-i aš-y՝ զոհաբերված ուտելիք) ու «Քութադգու բիլիգում»։ Այդպիսով, հավանական է, որ liv+aš համադրությունը, որը սկզբնական շրջանում նշանակում էր «հացահատիկից պատրաստված սնունդ», արդյունքում դարձել է կլոր տեսք ունեցող բլիթների կամ թխվածքների անվանում։ Համաձայն այդ բառարանի, «լավաշ» բառը օգտագործվում է Կովկասի բազմաթիվ լեզուներում՝ սկսած օսերենից վերջացրած թյուրքական լեզուներով։ Մաքս Ֆասմերի ռուսաց լեզվի ծագումնաբանական բառարանում, հղում կատարելով ավստրիացի լեզվաբան Ֆրանց Միկլոշիչին, նշվում է, որ բառը ռուսերենին անցել է թյուրքերենից։ Սակայն, liv արմատի կապը թյուրքական նոր լեզուների հետ կասկածելի է, թե հնչյունաբանական և թե իմաստաբանական առումներով։ Առավել հավանական է lav արմատի իրանական ծագումնաբանությունը։ Հացի այս տեսակի անվանումը կիրառվում է նաև պարսկերենում և տաջիկերենում, իսկ lavase տերմինն ունի բացառապես պարսկական ծագում և ոչ թյուրքական։

Թխված հացի հայտնագործման համար նախապայման հանդիսացավ հին հայերի, շումերների, բաբելոնացիների, եգիպտացիների, ասորիների և պարսիկների մոտ հավանգների և ձեռքի աղացների առկայությունը։ Հացահատկի խիտ խյուսից թխվել են առաջին անթթխմոր բլիթները (լոշիկները)։ Մոտավորապես, հենց այդպես էլ թխվում են ժամանակակից լավաշները Անդրկովկասում։

Համաձայն հրեական խոհանոցի ամերիկացի մասնագետ Գիլ Մարքսի, լավաշի ծագման վայրը համարվում է Միջին Արևելքը։ Ուիլարդ Բ․ Մուրը, նշելով լավաշի պատկանելիությունը հայկական խոհանոցին, համարում է, որ դրա ծագման երկիրն Իրանն է։ Օքսֆորդի համալսարանի սննդի տեղեկագրքում լավաշը ներկայացվում է որպես հին ուտեստ, որը ծագել է Կովկասում և Իրանում։

Մի շարք աղբյուրներում լավաշը դիտարկվում է որպես հայկական ծագմամբ ուտեստ։ Այսպես, սննդային արտադրության մասնագետ Սերժիո Սերնա Սալդիվարը կարծում է, որ լավաշն ունի հին հայկական ծագումնաբանություն։

Հայաստանում լավաշի տարածվածության մասին վկայում են հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված թոնիրները և այնտեղ մնացած լավաշի մնացորդները։ Վառված լավաշի այդպիսի կտոր հայտնաբերվել է 20-րդ դարի սկզբին Հայաստանի միջնադարյան մայրաքաղաքներից մեկում՝ Անիում՝ Գագկաշեն եկեղեցուց ոչ շատ հեռու)։ Լավաշի մնացորդը հայտնաբերվել է քաղաքի պեղումների ժամանակ, որն իրականացվել է Ռուսական հնագիտական կայսերական միության կողմից։

#Գիտություն #Գիտեքթե #Հետաքրքիր #Աշխարհիշուրջ

18 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page