top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Հայոց արքա Գագիկ Ա (990-1020) սերում էր Բագրատունիների թագավորական հարստությունից։

Հաջորդել է եղբորը՝ Սմբատ Բ–ին։ Կրել է «Հայոց, վրաց և աղվանաց շահնշահ» տիտղոսը։ Հենվելով երկրի տնտեսական և ռազմաքաղաքական հզորության վրա, հաջողությամբ շարունակել է պայքարը՝ Բագրատունյաց Հայաստանը միասնական թագավորության մեջ միավորելու համար։ Կազմակերպել է արքունի մշտական զորք, զինվորների թիվը հասցնելով 100 հազարի։ Գրավել է Բագրատունիների թագավորությունից անջատված հայկական մի քանի գավառներ և Դվինը։ Արտաքին թշնամիների ներխուժման վտանգի դեմ Գագիկ Ա զինական դաշինք է կնքել Տայքի Դավիթ Կյուրոպաղատի, վրաց Բագրատ և Գուրգեն թագավորների հետ։ X դարի վերջին Ատրպատականի ամիրա Մամլանը, դաշնակցելով հարևան արաբական ամիրաների հետ, արշավել է Դավիթ Կյուրոպաղատի և Գագիկ Ա–ի դեմ, մտել Ծաղկոտն գավառը։ Գագիկ Ա–ի, Կարսի Աբաս թագավորի, Դավիթ Կյուրոպաղատի և Բագրատ թագավորի դաշնակից զորքերը ետ են մղել թշնամուն։ 998 թվականին միացյալ բանակները Ծումբ գյուղի մոտ պարտության են մատնել թշնամուն՝ կանխելով նրա ասպատակությունը (Ծումբի ճակատամարտ)։ Գագիկ Ա օգնել է Լոռու Դավիթ թագավորին՝ ետ շպրտելու Գանձակի ամիրա Փադլունի զորքերը։

1000 թվականին, երբ Տայքի գրավումից հետո բյուզանդական կայսր Վասիլ II–ի մոտ են գնացել և հնազանդություն հայտնել հայ և վրաց իշխանները, սակայն Գագիկ Ա չի գնացել Վասիլի մոտ։ Գագիկի գերիշխանությանը ենթարկվել են Լոռու, Կարսի և Սյունիքի թագավորները։ 1001 թվականին, երբ Լոռու թագավորը փորձել է չենթարկվել, Գագիկ Ա խլել է նրա տիրույթները և միայն հնազանդության երաշխիքներ ստանալուց հետո ետ վերադարձրել։ Գագիկ Ա–ի օրոք Բագրատունյաց Հայաստանի թագավորության սահմանները տարածվել են Կուր գետից մինչև Ապահունիք, Շամքորից մինչև Վաղարշակերտ։

Գագիկ թագավորը վերացրել է Վայոց ձորի իշխանությունը և միացրել է իր տարածքներին: Գրավել է նաև Արցախի մեծ մասը՝ այդ թվում և Խաչենը, իր տարածքներին է միացրել նաև Վասպուրականի Ծաղկոտն և Կոգովիտ գավառները:

Զարգացել է տնտեսությունը, մշակույթը, արհեստագործությունը, ներքին և արտաքին առևտուրը։ Բարգավաճել են Անին, Դվինը, Կարսը։ Սակայն երկրի ներսում չեն հաղթահարվել կենտրոնախույս ուժերը, սրվել են հասարակական ներհակությունները։ Գագիկ Ա Բագրատունու օրոք նաև տնտեսությունը մեծապես զարգացավ՝ ի շնորհիվ Պահլավունիների: Նրանց ջանքերի արդյունքն են Բջնին, Ամբերդը, Մարմաշենը:

Անիի պեղումների ժամանակ գտնվել է Գագիկ Ա–ի արձանը, որի գլխին կա լայն փաթաթած սպիտակ չալմա, հագին երկարավուն արաբական կարմիր խալաթ և մեջքի փաթաթան։ Արաբական տարազն այստեղ խալիֆայության կողմից ճանաչված լինելու նշան է։

Նրա կնոջ՝ Կատրամիդեի հովանավորությամբ 1001 թվականին կառուցվել է Անիի Կաթողիկե եկեղեցին: Ճարտարապետը Տրդատն էր:

#Գիտեքթե #Հետաքրքիր #Թագավոր

9 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page