- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Հին ժամանակներում հայերը ուրցը անվանել են «Սիսնապար»։ Այս բույսը սիրում է աճել հողին սերտաճած մեծ քարաբեկորների շուրջը, որտեղ շատ է լույսը և մաքուր օդը։ Ծաղկման շրջանում այն լցնում է օդը աննկարագրելի բույրով, որը դեպի իրեն է ձգում մեղուներին և այլ միջատների։ Հնագույն ժամանակներում եգիպտացիներն օգտագործել են ուրցը մարմինը զմռսելու համար նախատեսված հոտավետ խեժի կազմում։
Պլինիուսը խորհուրդ է տվել եփել ուրցը քացախի մեջ և օգտագործել գլխացավի դեմ։ Վերգիլիոսը խորհուրդ է տվել հռոմեացիներին օգտագործել ուրցը (ծոթոր)` որպես համեմունք քացախի հետ, նաեւ ընդունել ուրցով լոգանք մարտից առաջ։
Միջին դարերում ուրցը բերվում է Կենտրոնական Եվրոպա։ Արքա Կարլոս Մեծը հավատում է համեմունքային բույսերի մոգական հատկություններին։ Միջնադարի ասպետների հանդերձանքին պատկերում էին ուրցի ծաղկած ճյուղիկը և մեղուների պարսը։ Կարլոս Մեծը 812 թ. կազմեց օգտակար բույսերի ցուցակ, որում ուրցը զբաղեցնում էր առաջնահերթ տեղերից մեկը, թվով 74 բույսեր սկսեցին մշակել արքայական պարտեզներում։ Քրիստոնեական մշակույթում ուրցը համարվում է Աստվածածին բույս։ Հավատում էին, որ բույսի բուրումնավետ հոտը վանում է չար ուժերին։ Հնագույն ժամանակներից ուրցը օգտագործել են խոհարարության մեջ, միջնադարի շատ գրքերում բերված են բաղադրատոմսեր, որոնց մեջ օգտագործվում է ուրցը։ Այն մաս է կազմում լայն կիրառում ունեցող ժամանակակից համեմունքային խառնուրդների մեջ` «bouguet de garni» և «fines herbes»։
Ուրց գետնատարածը բնության մեջ հանդիպող բույս է, որը մինչեւ մեր օրերը պահպանել է իր նշանակությունը` որպես դեղաբույս։ Այս փոքրիկ բազմամյա թփի բարձրությունը 12-15 սմ է։ Բույսը մշակվել է Հռոմում, հռոմեացիներին հայտնի է եղել Satureja hortensis տեսակը, որը նրանք թրմել են քացախի մեջ։ 9-րդ դարից սկսել են մշակել շատ եվրոպական երկրներում, օգտագործել են թարմ տերեւները` մսեղենի պատրաստման ժամանակ եւ աղցանների մեջ։ Ցողունը ուղղականգուն է, 30-45 սմ բարձրությամբ, տերեւները նշտարաձեւ են, ծաղկում է հունիսից մինչեւ ձմռան սկիզբ։ Մատիոլին իր «Հերբարիում» գրքում զգուշացրել է, որ օգտագործման մեծ քանակությունների դեպքում «մարդը սանձարձակ է դառնում»։
Հայաստանի բնական պայմաններում աճում է նաեւ ուրց սովորականը։ Ծոթրինը (ծոթոր, ծիտրոն, կորթին) մեր երկրում այնքան էլ օգտագործվող բույս չէ, և պարզվում է, որ շատ իզուր։ Ռուս գիտնականները հայտնաբերել են, որ այն երիտասարդ մնալու կենսահյութ է պարունակում, ծոթրինի եթերային յուղերը ի զորու են չեզոքացնելու ազատ ռադիկալների քայքայող ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա։ Նշենք նաեւ, որ ուրցի բոլոր տեսակները ունեն դիմադրողականությունը բարձրացնող հատկություն։