- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

330-338 թթ. Մեծ Հայքի թագավորն էր Տրդատ Մեծի որդի Խոսրով Կոտակ: Նրա գահակալության առաջին տարիներին կատարված շինարարական գործերից մեկը Դվին քաղաքի հիմնադրումն է (IV դ. 30-ական թթ.)։ Ըստ պատմիչների՝ այդ ժամանակ Արաքս գետը փոխել էր իր հունը և հեռացել Արտաշատի մոտից, որի պատճառով խախտվել էր մայրաքաղաքի ռազմական պաշտպանությունը։ Նախկինում Արաքսը պտույտ էր տալիս մայրաքաղաքի շուրջը և երեք կողմից պաշտպանում այն, իսկ այժմ քաղաքը զրկվել էր այդ պաշտպանությունից։ Բացի այդ, Արաքսի ընթացքը փոխվելու հետևանքով ջրերը դուրս էին եկել հունից և ստեղծել ճահիճներ մայրաքաղաքի շուրջը։ Անգամ, ըստ Մովսես Խորենացու, օդը դարձել էր վատառողջ։ Այս ամենը հաշվի առնելով՝ արքունիքը որոշում է մայրաքաղաքը տեղափոխել առողջ կլիմայով բարձրադիր մի վայր։ Արարատյան դաշտի շոգը և կլիման առողջացնելու համար քաղաքի մոտակայքում կատարում է անտառատնկումներ, որոնք պահպանվել են մինչև այժմ «Խոսրովի անտառ» անունով։ Նոր մայրաքաղաքի համար հարմար տեղ է ընտրվում Արտաշատից ոչ հեռու գտնվող Դվին կոչվող բլուրը, որտեղ և հիմնվում է քաղաքը։ Նորաստեղծ մայրաքաղաքում կառուցվում են արքունական ապարանքներ և այլ գեղեցիկ շենքեր։ Դվինը շարունակում էր մեծանալ և 428 թվականին դառնում է Մարզպանական Հայաստանի կենտրոնը։ 450 թվականին բերդապահ պարսիկ Վնդոն հայերին ձուլելու նպատակով Դվինում հիմնել է զրադաշտական ատրուշան, իսկ եկեղեցին վերածել մեհյանի, սակայն Վարդան Մամիկոնյանը, զորքով մտնելով քաղաք, կրկին վերահաստատել է քրիստոնեությունը։ Այնուհետև, հայ նախարարները Հայաստանի նկատմամբ բյուզանդացիների ու պարսիկների կրոնա-դավանափոխական նկրտումները ձախողելու նպատակով Գյուտ Արահեզացի կաթողիկոսին հորդորել են կաթողիկոսական աթոռը Էջմիածնից տեղափոխել Դվին։ Այդ նպատակով քաղաքի կենտրոնում՝ եռանավ եկեղեցու մոտ, կառուցվել են վեհարան, պաշտոնատներ, բարձրագույն դպրոցներ և այլ շենքեր։