- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Միջնադարյան ամրոցաշինության նշանավոր կառույցներից մեկը՝ Բջնիի ամրոցը, գտնվում է Հրազդան գետի աջ ափին, գյուղի արևելյան կողմում, անառիկ ժայռերով շրջապատված բարձրադիր հրվանդանի վրա: Հիմնադրման ստույգ ժամանակը հայտնի չէ: Հիշատակվում է վաղ միջնադարից: Պահլավունի իշխանները 10-րդ դարում վերաշինել են քարաժայռերի վրա եղած հինավուրց բերդը, այն դարձրել միջնադարյան Հայաստանի հզոր ամրոց և Բագրատունյաց Հայաստանի Անի մայրաքաղաքը հյուսիսից պաշտպանող կարևոր հենակետ:
Ամրոցը գյուղը բաժանում է երկու մասի (Մեծ Բջնի և Փոքր Բջնի): Հարավից, արևելքից և մասամբ արևմուտքից ամրոցը պաշտպանված է վերձիգ, անդնդախոր ժայռերով, իսկ հյուսիսից և արևմուտքից՝ կոպտատաշ որձաքարերով և կրաշաղախով կառուցված, կիսաբոլոր աշտարակներով հզորացված պարսպապատերով, որի երկարությունը հասնում է 120 մ: Մուտքը հյուսիսային կողմից է: Ամբողջ բերդատարածքը բաժանված է Մեծ և Փոքր մասերի, որոնք իրարից անջատվել են պարսպաշղթայով: Բերդատարածքը խիտ կառուցապատված է եղել: Այստեղ նշմարելի են բազմաթիվ շինությունների ավերակներ ու հետքեր: Մեծ ամրոցում է գտնվել բազալտե քարերով կառուցված և կրաշաղախով սվաղված թաղածածկ ջրամբարը: Իսկ Փոքր կամ Ստորին բերդի հարավարևմտյան կողմում՝ պարսպաշղթայի մոտ, կառուցվել է դեպի Հրազդան գետը տանող թաղածածկ ու կամարակապ մուտքով գաղտնուղին: Բերդը ավերվել և ամայացել է 16-17-րդ դարերում:
1977-1978 թվականներին, Երևանի պետական համալսարանի հնագիտության ամբիոնի արշավախումբը՝ Ի. Ղարիբյանի ղեկավարությամբ, այստեղ պեղումներ է կատարել, որոնց շնորհիվ բացվել են 9-ից 10-րդ դարերի կենտրոնագմբեթ Ս. Խաչ եկեղեցու հիմնապատերը, երկու դահլիճներից բաղկացած, թաղակապ պալատական շենքը, վաղմիջնադարյան եկեղեցու մանրամասեր, բնակելի տներ, ջրամբարը, գաղտնուղին:
2007-2008 թվականներից սկսվել են ամրոցի պարիսպների վերականգնման և ամրակայման, ինչպես նաև տարածքի պեղումների աշխատանքները: