• Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Սկիհը եկեղեցում Սուրբ Պատարագի ժամանակ օգտագործվող այն սրբազան բաժակն է, որի մեջ լցնում են կարմիր անապակ գինին՝ նվիրագործելու համար: Գինին Սբ. Պատարագի միջոցով սրբագործվում է և գինու օրինակով դառնում Քրիստոսի ճշմարիտ Արյուն: Հայկազյան բառարանում կարդում ենք. «Բաժակ ի պէտս սուրբ խորհրդոյ պատարագի»:

Սկիհը խորհրդանշում է Հիսուսի չարչարանքների բաժակը և այն գավաթը, որով Հիսուս, օրհնելով գինին Խորհրդավոր ընթրիքի ժամանակ, տվեց առաքյալներին հաղորդվելու՝ ասելով. «Բոլորդ էլ խմե՛ք սրանից. սա Իմ արյունն է, որով Նոր Ուխտ է կնքվում Աստծո հետ և որը շատերի համար թափվում է իրենց մեղքերի թողության համար» (Մատթեոս 26.28; Մարկոս 14.24; Ղուկաս 22.20; Ա Կորնթացիներ 11.25):

Սրբազնագույն խորհրդի համար նախատեսված անոթը՝ սկիհը, պետք է լինի արծաթից, իսկ ներսից՝ ոսկեզօծ: Պատրաստվում է պատվանդանով: Սկիհի բաժակի վրա պատկերված են լինում տերունական պատկերներ՝ Խաչ, Քրիստոս, Հարություն, Աստվածամայրը Մանկան հետ, կամ էլ չորս ավետարանիչներ: Երբեմն այն կոչվում է Հաղորդության բաժակ: Լինում են և շատ խոշոր չափերի սկիհներ, որոնք նախատեսված են մեծ և բազմամարդ արարողությունների ժամանակ օգտագործելու համար: Մաղզման սկիհի ծածկոցը կամ կափարիչն է: Այն մի հարթ պնակ է, որի մեջ Սուրբ Պատարագի ընթացքում, ամփոփում է Սուրբ Հաղորդության Նշխարը՝ Փրկչի Մարմինը. «Առե՛ք, կերե՛ք, այս է Իմ Մարմինը» (Մատթեոս 26.26; Մարկոս 14.22; Ղուկաս 22.19; Ա Կորնթացիներ 11.24): Այդ փոքր կլոր ամանը սկիհի խուփն է: Նրա միջին մասը սկիհի բերանի չափով խորացված է, որի շնորհիվ այն հարմարավետ տեղադրվում է նրա վրա: Սկիհի պես մաղզման ևս լինում է արծաթից, իսկ ներսից ոսկեզօծ է: Մաղզման մեջի մասում ունենում է պատկեր՝ Խաչելության կամ էլ Գառն Աստծոյ:

Եթե Հաղորդության բաժակը կամ սկիհը Հիսուսի Արյան սրբագործման անոթն է, ապա նրա ծածկոցը՝ մաղզման, խորհրդանիշն է զոհի սեղանի, որի վրա զոհաբերվեց աստվածային Գառը՝ Հիսուս Քրիստոսը: Մաղզման խորհրդանշում է նաև Փրկչի ծննդյան մսուրը և այն գերեզմանը, որի մեջ թաղվեց Նրա Սուրբ Մարմինը:

#Գիտեքթե #Ծես

5 views0 comments