• Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ

Իրիկվան ձայներ

Կ’ալեկոծին տարփոտ ձայներն իրիկվան, հորձանքին մեջ հոգնակոհակ հովերուն. անրջածուփ, նըվաղ բույրերն երերուն վերջալույսին մեջ ոսկեզօծ` կը հևան: Խըրախության աղաղակներ հեշտալուր՝ կը պլլըվին այդ ցնծաձայն նըվագին. ու կ’անհետին` մեջն այդ ծըփուն հորձանքին` հեշտերգությանց թույլ ծըվեններ կցկըտուր: Զիլ գեղգեղներ ու նըվագներ վրդովիչ, ու ջութակի սարսուռին գիծը կարմիր… Արևմարքին ծաղիկն, որ չի թառամիր, ինքն ալ գինով ըզգլխանքեն այս թովիչ: Աղմըկահար սույլն ու արշավն հովերուն, հծծյունները ծաղիկներուն խատուտիկ, բարդիներու խարշափն ու ծափն հանդարտիկ, և համերգը խանդոտ` գետին մոլորուն: Կըստվարանա ալիքն հրճվոտ այս ճիչին, ու կը բախղի հոգվույս պորփյուր քարափին, ու կ’ոռոգե զիս փրփուրին մեջ ծըփին երբ խնկագույն լույսերն ինձմե կը փախչին: Արծաթ լույսերն հիմակ տակավ կը ծաղկին, ու կը ցայտե թավ հեծեծանքն ուտերուն, լազվարթ ժամեր լուսնի շիթ շիթ կաթիլքին մեջ կը թրթռան իրենց համբույրն անանուն…։ Եվ հոգիներ կ’իյնան անոնց ծնրադիր, սիրերգությանց ըմպած հըմայքն հըրեղեն. պայեր անոնց միստիք ճամփան կը պեղեն. ու կը ցնծան լույսով` զենիթ ու նատիր: Ու կը բացվի փալփլուն` գիշերն երջանիկ, արձագանգներ կը խաղան դեռ հոս ու հոն. քերթված մըն է ցայգն համորեն, ջինջ գեղոն` որ կ’երփներգե ծափ ու ծիծաղ ու ծաղիկ:

#ՄիսաքՄեծարենց #Ոչմիօրառանցբանաստեղծության #Պոեզիա

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now