• Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Հոլոքոստը (Ողջակիզում, հուն․՝ ὁλόκαυστον), Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացված ցեղասպանությունն է, որի շրջանակներում Նացիստական Գերմանիայի և իր դաշնակիցների կողմից համակարգված կերպով ոչնչացվել են շուրջ վեց միլիոն եվրոպացի հրեաներ՝ Եվրոպայի հրեա բնակչության մոտավորապես երկու երրորդը 1941 թվականից մինչև 1945 թվականն ընկած ժամանակահատվածում։ Հրեաներից բացի նացիստների կատարած ցեղասպանության զոհ են դարձել նաև ազգային ու սոցիալական այլ խմբերի ներկայացուցիչներ, ներառյալ գնչուներ, անբուժելի հիվանդներ, ինչպես նաև լեհեր ու այլ սլավոններ, ԽՍՀՄ քաղաքացիներ, խորհրդային ռազմագերիներ, քաղաքական հակառակորդներ, միասեռականներ, Եհովայի վկաներ, ինչի արդյունքում ընդհանուր առմամբ ոչնչացվել է մինչև 17 միլիոն մարդ։

Գերմանիան հալածանքները կազմակերպել է փուլ առ փուլ։ 1933 թվականին Ադոլֆ Հիտլերի՝ իշխանության գլուխ անցնելուց հետո կառավարությունը հաստատել է հրեաներին քաղաքացիական հասարակությունից մեկուսացնելուն ուղղված օրենքներ, որոնցից էին 1935 թվականին ընդունված Նյուրնբերգյան օրենքները։ Սկսած 1933 թվականից՝ նացիստները Գերմանիայում կառուցել են համակենտրոնացման ճամբարների ցանց քաղաքական հակառակորդների ու «անցանկալի» համարվող մարդկանց համար։ 1939 թվականին Լեհաստան ներխուժումից հետո ռեժիմն ստեղծել է գետտոներ հրեաներին մեկուսացնելու համար։ Հիմնադրվել են ավելի քան 42 հազար ճամբարներ, գետտոներ և այլ կալանավայրեր։

Հրեաների տեղափոխումը գետտոներ եղել է նացիստների կողմից իրականացվող ոչնչացման քաղաքականության հանգուցալուծումը, որը կոչվել է «Հրեական հարցի վերջնական լուծում» և քննարկվել է նացիստական բարձր պաշտոնյաների կողմից 1942 թվականի հունվարին Բեռլինում կայացած Վանզեի կոնֆերանսում։ Գերմանական զորքերի՝ դեպի արևելք շարժվելուն զուգահեռ հակահրեական գործողությունները դարձել են ավելի ռադիկալ։ ՍՍ-ի համակարգմամբ և Նացիստական կուսակցության առաջնորդների հրահանգներով սպանություններ են իրականացվել Գերմանիայի տարածքում, նրա կողմից օկուպացված Եվրոպայում և Առանցքի ուժերի կողմից վերահսկվող բոլոր տարածքներում։ Ռազմականացված մահվան ջոկատները, որ կոչվել են Այնզացխմբեր, համագործակցելով Վերմախտի ոստիկանության գումարտակների ու տեղացի կոլաբորացիոնիստների հետ, սպանել են շուրջ 1,3 մլն հրեաներ 1941-1945 թվականներին իրականացված զանգվածային գնդակահարությունների ընթացքում։ Մինչև 1942 թվականի կեսերը զոհերը կնքված բեռնատար գնացքներով գետտոներից տեղափոխվել են մահվան ճամբարներ, որտեղ ճանապարհորդությունից հետո կենդանի մնացածներն սպանվել են գազի խցիկներում։ Սպանությունները շարունակվել են մինչև Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը՝ 1945 թվականի մայիս։

Օսմանյան կայսրության կողմից կատարված Հայոց ցեղասպանության հետ մեկտեղ Հոլոքոստը համարվում է 20-րդ դարում իրականացված ամենահայտնի ցեղասպանություններից մեկը։ Ադոլֆ Հիտլերն իր հակամարդկային պլանն արդարացնում էր «Ո՞վ է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին...» արտահայտությամբ։

#Գիտեքթե #Հետաքրքիր

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now