• Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՀՈՒՍԻԿ ԱՐԱ

Սաղմոս - 1

Տեր, մեղք է կարծես ու խաբեության կրկնակի զեղում՝ այս խավարի մեջ լույսի պես մաքուր Անունը ՔՈ տալ։ Անգույն օրերն են, ամբարիշտ հողի հափրացած պտուղ, և մարդիկ՝ հոգնած, անհամությունից ձանձրացած արդեն։ Ես չեմ մեղանչել, ինձ տրված խաչը կրել եմ մեջքով, մեկնած բաժակին անկեղծ ասել եմ՝ ՔՈ Կամքը լինի. սակայն մութի մեջ իմ տաք աչքերի գույնը հալածվում, ու դառնանում է համը բերանիս։ Մահվան գամերով, պարաններով գորշ սեղմում են անվերջ և ստիպում են խտանալ մաղձով, որ մեր քրքրված, մաշված ստվերը մնա մեզանից։ Մութի մեջ այս թաց՝ մի բուռ տաք լույսը դու ես մնում, Տեր. անձրեւների պես այգի գույները շաղափիր հողին, ու մատներդ դիր, ինչպես սպունգը՝ խավար ներառնող – որ ես լույսի մեջ լույսի պես մաքուր Անունը ՔՈ տամ։ …Ու Լույս ես Դու, Տեր` ներծծված արյան, սրտի ջերմությամբ. այս խավարի մեջ Քեզ հանկարծ ու միշտ կորցնելու ցավից ես վախենում եմ լույսից էլ մաքուր Անունը ՔՈ տալ։ Շնորհ արա, Տեր, ու շռայլորեն մոտեցիր Լույսին։

#Ոչմիօրառանցբանաստեղծության #Պոեզիա #ՀուսիկԱրա

Recent Posts

See All