• Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


«Էջմիածնի» կամ «Փղոսկրյա» կոչվող Ավետարանը հայ գրչության և մանրանկարչության ձեռագիր մատյան է։ Ընդօրինակել է Հովհաննես Գրիչը՝ 989 թվականին, Բղենո-Նորավանքի Սբ. Ստեփանոս եկեղեցում, Ստեփանոս քահանայի պատվերով։ Բնագիրը պարունակում է 35 x 28 սմ չափի 233 մագաղաթե թերթ (Մատենադարան, ձեռ. դ 2374)։ Բաղկացած է գեղեցիկ երկաթագրով գրված չորս Ավետարաններից։ Մատթեոսի Ավետարանին նախորդում է քառաթերթ մի պրակ՝ ամբողջ էջերն զբաղեցնող մանրանկարներով։ 1ա – 5ա էջերում Եվսեբիոսի թուղթն է և համաբարբառները՝ ճոխ խորանների մեջ առնված։ 5բ էջում պատկերված է մի տաղավարիկ (tempietto), որին հաջորդում են թեմատիկ մանրանկարներ՝ գահին բազմած Հիսուսը (6ա), զույգ-զույգ կանգնած չորս ավետարանիչները (6բ, 7ա), Աստվածածինը՝ Մանուկը գրկին (7բ) և Աբրահամի զոհաբերությունը (8ա)։ Ձեռագրի վերջում ներմուծված է 6 – 7-րդ դդ. երկու թերթ՝ 228, 229, որոնց վրա պատկերված են «Զաքարիայի ավետումը», «Մարիամի ավետումը», «Մոգերի երկրպագությունը» և «Մկրտություն» մանրանկարները։ «Էջմիածնի Ավետարան»-ի լուսանցքներում նույնպես կան պատկերներ։

Ձեռագրի կազմը ունի փղոսկրե երկու կողքեր, որոնք 7-րդ դ. աշխատանք են համարվում։ Կողքերից յուրաքանչյուրը բաղկացած է հնգական սալիկից, որոնցից յուրաքանչյուրի վրա պատկերված է առանձին տեսարան։ Այդ կազմը վաղ քրիստոնեական հայկական արվեստի նշանակալից հուշարձաններից է։ Բացառիկ արժեք ունեն 6 – 7-րդ դդ. մանրանկարները։ Չորս տեսարաններն էլ իրենց խորհրդանշական բնույթով վերաբերում են հայտնության թեմային։ Հագեցված և փոքրինչ մուգ ու խաղաղ երանգները կանաչի, կապույտի և ոսկու ոչ շռայլ գործածությամբ ստեղծում են տպավորիչ գունագեղություն։ Կատարողական որոշ առանձնահատկություններով ու երանգավորմամբ այդ աշխատանքները մոտենում են նույն շրջանի հայ որմնանկար օրինակներին (Արուճ, Լմբատ)։ Սկզբնաթերթերի մանրանկարները ոճական առանձնահատկություններով ու պատկերագրությամբ 9-10-րդ դդ. գեղանկարչության ավանդույթների արտահայտությունն են։ Գեղեցիկ են խորանները։ Օգտագործված են հիմնականում պայտաձև զույգ կամարներ, որոնց հորինվածքը երփներանգ զարդամոտիվների և լրացուցիչ մանրամասերի կիրառմամբ համահնչուն է մատյանի ընդհանուր բնույթին։ Բացառիկ է «Էջմիածնի Ավետարան»-ի մանրանկարների դերը հայ գեղանկարչության հետագա զարգացման գործում։

#Գիտեքթե #Ձեռագիր #մշակույթ #արվեստ

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now