- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Ջրօրհնեքը եկեղեցական արարողություն է, որը կատարվում է Սուրբ Ծննդյան Պատարագից անմիջապես հետո և խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մկրտությունը։
Նախապես եղել է միայն Երուսաղեմի եկեղեցուն հատուկ արարողություն, որը տեղի է ունեցել Հորդանան գետի ափին։ Հետագայում քրիստոնյա մյուս եկեղեցիները ևս հաստատել են Ջրօրհնեքի արարողությունը։ Ուղղափառ (օրթոդոքս) եկեղեցիներում սովորություն է այն կատարել գետի, լճի կամ ծովի ափին։
Հայ եկեղեցին ջրի օրհնությունը կատարում է եկեղեցում։ Հայոց պատմության մեջ հիշատակված են պատմական երկու Ջրօրհնեքներ։ Առաջինը՝ 1022 թվականին, Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսի օրոք, Տրապիզոնի մոտ։ Երկրորդ Ջրօրհնեքը տեղի է ունեցել 1211 թվականին, Կիլիկյան Հայաստանի Սիս մայրաքաղաքում։ Լևոն Բ Մեծագործ թագավորը և բարձրաստիճան հայ ու օտար հյուրեր ներկա են եղել գետեզերքին Ջրօրհնեքի արարողությանը, որից հետո կայացել են ժողովրդական խրախճանքներ։ Ջրօրհնեքի արարողության ընթացքում կատարվում են սուրբգրային ընթերցումներ, աղոթքներ, հանդիսավոր բերվում է նաև սուրբ Մյուռոնի աղավնին։ Պատարագիչ եկեղեցականը «Առաքելոյ աղաւնոյ» շարականի երգակցությամբ Մյուռոնը կաթեցնում է ջրի մեջ, ապա ջրի մեջ գցված խաչը «Պահապանիչ»-ի ժամանակ հանում, տալիս է օրվա խաչի կնքահորը։
Արարողությունից հետո հավատացյալներն օրհնված ջուրը տանում են տուն։
Ջրօրհնեքի ծեսը, ըստ Մաշտոց ծիսարանի «Օրհնությունաբեր ցուցակի» տվյալների, հաստատել է Բարսեղ Կեսարացին, իսկ Սահակ Ա Պարթևի հրամանով թարգմանել և Հայաստան է բերել Խոսրով թարգմանիչը։ Ջրօրհնեքի կանոնի սկզբնական երաժշտության ձևավորումը սահմանափակվել է հիմնականում 28-րդ սաղմոսի «Ձայն Տեառն ի վերայ ջուրս» կցուրդով և «Տէր թագաւորեաց» սաղմոսով։ Հետագայում սաղմոսներին ավելացել են XII-XIII դարերի հեղինակների գործերը՝ Հովհաննես Երզնկացու «Յամենայն ժամ օրհնեմք օրհնեալդ փրկիչ Էմմանուէլ» քարոզ-գանձը, «Այսօր ձայնն հայրական» տաղը, Կոստանդին Սրիկի (XIII դար) «Քրիստոս, բանդ Հօր» մեղեդին և Գրիգոր Գ Պահլավունու «Ո՜վ զարմանալի» հորդորակը, որով ավարտվում է Ջրօրհնեքի ծիսակատարությունը։ Իր կանոնականությամբ հանդերձ Ջրօրհնեքի երաժշտությունը շարքը հաճախ կազմվել է բավական ազատ։ Այսպես, Ջրօրհնեքի կանոնում, բացի սաղմոսներից և նշված գործերից, ըստ XIV-XVII դարերի առձեռն Մաշտոցների, առկա են նաև հետևյալ ստեղծագործությունները՝ Մխիթար Այրիվանեցու Ջրօրհնեքի Ճրագալույցին նվիրված «Տարփումն ըղձական, տոչոր անձկական» գանձը, Կոստանդին Սրիկի «Հրճուիմք այսօր մեք հոգեպէս» տաղը, ինչպես նաև՝ «Խորհուրդ մեծ և սքանչելի», «Լոյս ի լուսոյ», «Ուրախ լիցին այսօր երկինք», «Առաքելոյ աղաւնոյ» շարականները։ Գանձ-շարքերի նման տարբերությունները և մեղեդիների տարբեր հաջորդականությունը, հավանաբար, արտացոլում են որոշակի շրջանների կամ վանքերի տեղային ավանդույթները։