- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Ղպտիները եգիպտացի քրիստոնյաներ են, ովքեր կազմում են Եգիպտոսի բնակչության 10%-ը։ Ղպտիների մեծ մասը դավանում է Քրիստոնեություն` Ղպտի ուղղափառ եկեղեցի, որը պատկանում է Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների դասին։ Ղպտիական եկեղեցու (ձևավորվել է V դ․) գլուխ կանգնած է պատրիարքը (նստավայրն է Կահիրեն)։ Ղպտիների մի մասը (մոտ 100 հազար) պատկանում է Ղպտի կաթոլիկ եկեղեցուն։ Ղպտիներն աշխարհի հնագույն ազգերից են։ Հանդիսանում են հին եգիպտացիների հետնորդները։«Ղպտի» անվանումն առաջացել է Եգիպտոս տեղանվան աղավաղումից։ Ղպտիները բնակվում են հիմնականում քաղաքներում՝ Ասյութ, Ախմիմ, Կահիրե և այլն։ Ոչ մեծ համայնքներ կան նաև Սուդանում, Իսրայելում, Հորդանանում, Իրաքում, Քուվեյթում, Թուրքիայում։ Հիմնականում ծառայողներ են, առևտրականներ, արհեստավորներ։ II - III դդ․, Եգիպտոսում քրիստոնեության տարածման ընթացքում, ստեղծվեց ղպտիական գիրը, ղպտիերենով ծաղկում ապրեց մատենագրությունը (մինչև 7-րդ դ․)։ 7-րդ դարում Եգիպտոս ներխուժեցին արաբները։ Ղպտիները բազմիցս ապստամբեցին իրենց հայրենիքը նվաճած ու ստրկացրած արաբների դեմ (ամենախոշորը և վերջինը 831-ին էր), սակայն ղպտիների նկատմամբ եկվոր արաբների ազգային, կրոնական (բռնի մահմեդականացում), տնտեսական ճնշման հետևանքով ղպտիների թիվը նվազեց՝ կազմելով բնակչության փոքրամասնությունը (հոգևոր համայնքի ձևով), անկում ապրեց ղպտիների մշակույթը։ 12-րդ դարում ղպտիերենը դադարեց խոսակցական լեզու լինելուց (մնաց իբրև գրավոր հաղորդակցման և եկեղեցական ծեսերի լեզու), ղպտիները դարձան արաբախոս։
Հայ-ղպտիական հարաբերություններն ունեցել են մշակութային, կրոնական բնույթ, որոնք, սկզբնավորվելով վաղ միջնադարում, շարունակվում են ցայսօր։ 7–րդ դ․ Երուսաղեմի սրբավայրերի զգալի մասը գտնվել է հայերի, ղպտիների, ասորիների և եթովպացիների տնօրինության տակ։ Այժմ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում, Աստվածածնի տաճարում և այլ սրբավայրերում ղպտիները ծիսակատարություններն անում են հայկական խորանների վրա։ Ղպտի մատենագիրները ծանոթ են եղել հայ մատենագրությանը, մասնավորապես՝ Ագաթանգեղոսի «Պատմություն Հայոց»-ին, որից պահպանված արաբերեն համառոտ խմբագրությունը թարգմանվել է ղպտիերենից։