top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Դրոշմը Հայ առաքելական եկեղեցու յոթ խորհուրդներից մեկն է։ Նշանակում է մկրտվածի օծում կամ կնիք, այստեղից էլ՝ Մկրտությունը և դրոշմը միասին կոչվում են նաև կնունք։ Դրոշմը Մկրտության խորհրդի անբաժան մասն է։ Դրոշմի արարողությունը Հայ եկեղեցին կատարում է Մկրտության հետ միասին։ Դրոշմը հույսի, Սուրբ Հոգին ընդունելու խորհուրդն է, յուրաքանչյուր քրիստոնյայի համար հոգեգալուստ, որով Սուրբ Հոգու շնորհը, պարգևները բաշխվում են հավատացյալ անհատին։ Եթե մարդը Մկրտությամբ Սուրբ Հոգին ընդունում է մաքրվելու, Աստծուն որդեգրվելու և սկզբնական մեղքը քավելու համար, ապա դրոշմի խորհրդով Սուրբ Հոգին և նրա շնորհները տրվում են քրիստոնեական կյանքի մեջ զորանալու, կյանքի բոլոր փորձություններին ընդդիմանալու համար։

Հիսուս Քրիստոսի մկրտվելուց հետո Սուրբ Հոգին աղավնակերպ իջել է նրա վրա, որով Հիսուսը ստացել է Սուրբ Հոգու օծումն ու կնիքը (Մատթեոս 3.16–17, Ղուկաս 3.21–22, Հովհաննես 1.30–34)։ Առաքյալները Մկրտությունից անմիջապես հետո մկրտվածի վրա ձեռք են դրել և աղոթել, որպեսզի Սուրբ Հոգին ստանան, Սուրբ Հոգով կնքվեն ու դրոշմվեն (Գործք 8.14–17, 19.5–7, Եբրաայացի 6.2–4)։ Սուրբգրային այս վկայություններն ու արարողությունները նկատի ունենալով՝ եկեղեցին հետագայում հաստատել է դրոշմի խորհուրդը և միացրել Մկրտության հետ, որպես նրա շարունակություն ու ավարտ։ Առաքյալների ժամանակ Սուրբ Հոգով դրոշմումը կոչվում էր օծում, օծություն (Ա Հովհաննես 2.27, Բ Կորնթոս 1.21–22), օգտագործվում էր նաև կնքել բառը (Եփեսոս 1.13, 4.30)։

Հայ եկեղեցին, ինչպես նաև Արևելքի մյուս եկեղեցիները, դրոշմի խորհուրդը կատարում է Մկրտությունից անմիջապես հետո, ըստ Ընդհանրական եկեղեցու հնավանդ սովորության՝ համաձայն առաքյալների և սուրբ հայրերի օրենքների։ Կաթոլիկ եկեղեցին 13–րդ դարի վերջից այս ընդհանուր սովորությունը փոփոխության է ենթարկել և դրոշմը բաժանել Մկրտությունից՝ կատարելով այն շատ ավելի ուշ։ Անգլիկան եկեղեցին դրոշմը կատարում է միայն ձեռք դնելով։ Բողոքական եկեղեցիները չունեն այս խորհուրդը։

Դրոշմի խորհրդի զգալի նշանը սուրբ Մյուռոնն է, որը խորհրդանշում է Սուրբ Հոգին։

Խորհրդի կատարվում է զգայարանների և մարմնի մասերի սուրբ Մյուռոնով օծմամբ, որով էլ նրանցից յուրաքանչյուրին տրվում է մասնավոր շնորհ։

  • Ճակատի կնիքը անապական պարգևների համար է,

  • աչքերինը՝ լուսավորության համար, որ երբեք մահ չտեսնեն,

  • ականջներինը՝ Աստծո պատվիրանները լսելու,

  • հոտոտելիքինը՝ կյանքի անուշության բույրը զգալու համար,

  • բերանինը՝ որ այն ամուր մնա շրթունքների պահպանության ներքո,

  • ձեռքերինը՝ առաքինի և բարի գործեր կատարելու համար,

  • սրտինը՝ որ սիրտը սրբության մեջ հաստատվի, և ճշմարիտ Հոգին իր մեջ նորոգվի,

  • մեջքինը՝ որ լինի ամուր վահան չարի բոլոր թունավոր նետերին դիմադրելու համար,

  • ոտքերինը՝ որ նրանք անսասան ընթանան հավիտենական կյանքի ճանապարհով։

(Կաթոլիկ եկեղեցին միայն խաչաձև դրոշմում է ճակատը)։

#Գիտեքթե #Ծես

6 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page